Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել նույն գյուղի բնակիչները և խնդրում ու պահանջում էին պատկան մարմիններից, որպեսզի վերջապես հստակ պատասխան տան, թե ում մտքով անցավ ու կատարեց մի այնպիսի ժողովրդին ոչ հաճո որոշում, ինչի պատճառով մոտ 7 ամիս է ողջ Ջրաշենը և հարակից Դիտակ գյուղը զրկվել են միակ տրանսպորտից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Երբեք մեր մտքով չէր անցնի թե մի ամբողջ գյուղ, որտեղ 2500-ից ավելի բնակիչներ են ապրում, մեծ մասը թե աշխատանքի, թե սովորելու նպատակով միշտ Երևանում են լինում ու հիմա 7 ամիս է ամբողջ գյուղը մնացել է առանց տրանսպորտի։ Ասում են, թե տրանսպորտային բարեփոխում ենք անում։ Բա 7 ամիս մի ամբողջ գյուղ մնա առանց տրանսպորտի՞, էդ ձևի բարեփոխում երևի աշխարհի ոչ մի երկրում չի եղել։
Առաջ տրանսպորտը մեզ հասցնում էր մինչև Նուբարաշեն, Երևանի Սասունցի Դավիթ կայարան։ Գոհ էինք, լավ-վատ մեզ ձեռք էր տալիս, իսկ հիմա էս 7 ամիս է կամ տաքսիներով ենք գնում, կամ էլ ոտքով։
Ով է տեսել էս դարում երեխաները դասի գնան ոտքով։ Ավագ սերնդի մարդիկ ոտքով գնան աշխատանքի։ Ում ասես դիմել են, էլ մարզպետարան, էլ կառավարություն, Արտաշատի քաղաքապետարանից խոստացան, որ հարցը կլուծվի ի շահ բնակչի, էս 7 ամիս է չի լուծվում։ Միայն ասում են՝ խնդրին ծանոթ ենք։ Գիտենք, որ ծանոթ եք ու միայն դուք չէ, բայց քաջ ծանոթ լինելով պրոբլեմին՝ մինչև այժմ ոչ մի լուծում չեք տալիս, ինչի պիտի մի ամբողջ գյուղ, հլը չենք ասում Դիտակի մասին, կտրված մնան ամբողջ աշխարհից»։