Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա։ Հայաստանն ընդունել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ, և մենք պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը»,-շեշտել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել գործընկերության օրակարգի շուրջ, որը սահմանում է կողմերի առաջնահերթությունները՝ տնտեսության, անվտանգության և դիմակայունության զարգացման ուղղությամբ։
«Մեր հարաբերությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն տնտեսությամբ։ Մենք նաև բնակարանաշինության և սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մարդկանց միջև շփումը կենտրոնական է մեր հարաբերություններում, և այդ պատճառով էլ մենք առաջ ենք մղում արտոնագրերի ազատականացման երկխոսությունը»,-նշել է Կալասը։
Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությանը՝ շեշտելով, որ առաքելությունը ներդրում է կատարում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում։
«Նախօրեին ես այցելեցի ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր գրասենյակ (խմբ․ տեղակայված է Եղեգնաձոր քաղաքում)՝ անձամբ ծանոթանալով նրանց իրականացրած աշխատանքին»,-ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Կալասի խոսքով՝ Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության սկզբունքներին կենսական նշանակություն ունի։
«Այս արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու պայմաններում։ ԵՄ-ն կկանգնի Հայաստանի կողքին՝ ներդրում ունենալու և աջակցելու երկրի դիմադրողականության բարձրացման և ընդհանուր արժեքների ապահովման հարցում»,-ընդգծել է Կայա Կալասը։