Foto

Գազայում իսրայելական նոր հարվածներից շուրջ 50 պաղեստինցի է զոհվել

Գազայի առողջապահական աղբյուրները հաստատել են, որ հունիսի 30-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Գազայի տարբեր շրջաններում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է 48 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Զոհերից 13-ը գրանցվել, ինչպես նաև ավելի քան 50 մարդ վիրավորում է ստացել Գազայի հարավում գտնվող օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետևանքով։

Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը տեղեկացրել է, որ մայիսից ի վեր օգնության բաշխման կենտրոնների թիրախավորման հետևանքով զոհերի թիվը հասել  583-ի,  վիրավորվել է 4186 մարդ։

Գրասենյակը խստորեն դատապարտել է իսրայելական ուժերի կողմից ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի թիրախավորումը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը «բարբարոսական ագրեսիա» է։

Հիվանդանոցի խոսնակ Խալիլ ալ-Դակրանը հայտնել է, որ Գազայում 60000 երեխա տառապում է թերսնումից՝ ավելացնելով, որ իսրայելական ուժերը համակարգված կերպով թիրախավորում են Գազայի հիվանդանոցները։

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերը հունիսի 30-ի լուսաբացին նաև հարձակումներ են իրականացրել Արևմտյան ափի ալ-Բիրեհ քաղաքի և Ռամալլահի մոտակայքում Դեյր Աբու Մաշալ և Բուրկա գյուղերի վրա։  

Իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» թերթի տեղեկացմամբ՝ հունիսի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհվել է քսան իսրայելցի զինվոր, որը ամենաբարձր ցուցանիշն է 2025 թվականից ի վեր։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56500-ի, իսկ վիրավորներինը՝ 133419-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։