Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ գործով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատական նիստի ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհվել է 2020 թվականին՝ Հայաստանի նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկով։
Ա. Հարությունյանը նաև նշել է, որ Արցախը չի ունեցել ռազմական ոստիկանություն, ռազմական դատախազություն կամ ռազմական դատարան՝ պատերազմական հանցագործությունները քննելու համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հարությունյանն ասել է. «Ռազմական ոստիկանությունը Հայաստանի զինված ուժերի կառույց է: Ռազմական դատախազությունը նաև գործել է որպես Հայաստանի դատախազության մաս: Ես կարծում եմ, որ ընդհանուր դատավարություններ են անցկացվել Սյունիքի դատարանում: Այսինքն՝ Ղարաբաղում նման դատավարություններ չեն անցկացվել»: