Foto

«Ինտեր»-«Ֆլումինենսե» խաղը կարող է ընդհատվել. «Ինտերի» գլխավոր մարզիչ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մտավախություն ունի, որ «Ֆլումինենսեի» դեմ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի հանդիպումը կարող է դադարեցվել եղանակային պայմանների պատճառով։

«Հուսով եմ՝ որոշումը կկայացվի խաղից առաջ, քանի որ արդեն իսկ կա նախազգուշացում։ Դժվար կլինի, եթե խաղը դադարեցվի երկու ժամով։ Խաղերում նման երկար դադարները պարզապես անընդունելի են»,– մամուլի ասուլիսում ասել է Կիվուն։

Football-italia-ի հաղորդմամբ՝ կա վտանգ, որ խաղը կարող է ընդհատվել Շառլոտում տեղացող անձրևի պատճառով, ինչպես դա տեղի է ունեցել մրցաշարի մինչ այժմ կայացած վեց տարբեր խաղերի ժամանակ։

1/8-րդ եզրափակչի «Ինտեր» – «Ֆլումինենսե» խաղը կկայանա այսօր՝ հունիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

Հիշեցնենք, որ նույն մարզադաշտում կայացած «Չելսի» – «Բենֆիկա» (4:1) խաղը վերջերս երկու ժամով դադարեցվել էր ամպրոպի պատճառով։