Foto

4 ժամում պետական համակարգում 3 կոռուպցիոն դրսևորման ենք ականատես լինում

Ինչպիսի՞ն է լինում կոռուպցան՝ այս իշխանության համար այն, իսկապես, պոզեր և պոչեր է ունենում։ Ժամանակին «Հայկական ժամանակ» օրաթերթի գոյության համար գումար  գտնել չկարողացող Աննա Հակոբյանը, հիմա «Իմ քայլը» հիմանդրամի անունից նամակներ է գրում և օգնության գումարային չափ է նշում 10 մլն դրամը։ Հետո արդարանում է, որ բոլորը չի որ արձագանքել են նամակին: Ասյօր էլ վարչապետն ասաց, որ գումար փոխանցել է ընդամենը 20 տոկոսը։ Իսկ որոշներն ավելի քիչ են փոխանցել հիմանադրամների համար, որպես կողմնորոշիչ, նշված գումարից։ Միայն այն, որ փոխանցողների գերակշիռ մասը ՀՀ մեծահարուստներ են և հենց 10 մլն դրամ են փոխանցել, արդեն իսկ կոռուպցիայի մասին է խոսում, որը դասական դրսևորման ձևերից մեկն է և ո՛չ պոզեր ունի, ո՛չ էլ պոչեր։

Շարունակելով օրվա կոռուպցիոն կողմը՝ նշենք, որ դատարանի որոշմամբ այսօր տնային կալանք խափանման միջոց է ընտրվել օրերս աշխատանքից ազատված Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ։

Նա նախկինում երկար տարիներ զբաղեցրել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։ Նա Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին։ Գևորգյանը մինչ Փաշինյանի թիմին միանալը ու քաղաքապետի պաշտոնում նշանակվելը, որևէ լուրջ պաշտոն չի զբաղեցրել։ Եվ հիմա մեղադրվում է կոռուպցիոն գարծարքի մեջ, որը կաշառք վերցնելը չէ։ Նրա վարույթը գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Յուրայինների կողմից կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվում են հենց ՔՊ կադրերը։

Օրվա կոռւպցիոն մյուս դրսևորումը կրկին յուրայիններին պաշտոններ տրամադրելուն է վերաբերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` Վահագն Մկրտչյանը նշանակվել է Գյումրու համայնքապետի պաշտոնակատարի օգնական։ Այս մասին տեղեկացանք համայնքապետարանի պաշտոնական էջից, որտեղ տեղեկացվում է, որ Վահագն Մկրտչյանը համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ ինչ֊որ քննարկում է անցկացնում։

 Հիշեցնենք, որ նա նույնպես քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու էր, մասնակցում էր Փաշինյանի   հայտարարած փրայմերիզին, 100 -ից ավել  ձայն էր ստացել։ Մկրտչյանը նաև Գյումրու փոխքաղաքապետ էր, պաշտոնից հրաժարվեց Բալասանյան դաշինքի  և ՔՊ-ի միջև հուշագիրը խզելուց հետո։ Սպասվում էր, որ  այս անգամ էլ նրան կրկին Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում կնշանակեն, բայց ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկման արդյունքում կուսակցության ներսում որոշում են կայացրել փոխքաղաքապետի պաշտոններից մեկը շնորհել Արթուր Պապիկյանին` ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդուն, իսկ քաղաքապետի երկրորդ տեղակալ, հավանաբար, կնշանակվի փրայմերիզի մասնակից, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը։

Երկգլխանի դևի նման պոզեր և պոչեր ունեցող կոռուպցիոն դեպքերը միայն առավոտյան ժամը 10։00-ից 14։00-ն ընկած հատվածի լրահոսից են։ Հիմա նորից հարց է առաջանում՝ Հայաստանում կա՞ համակարգային կոռուպցիա։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան