Foto

Ոստիկանների հիփոթեքը՝ նախընտրական «ավա՞նս»

Ընտրություններից առաջ իշխանությունները ևս մեկ համակարգային բարեփոխում են նախատեսում․ այս անգամ՝ ոստիկանների համար

Ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի․ կառավարության ապրիլի 18-ի օրակարգում է ներառված հարցը։

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը հեղինակել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հիմնավորման համաձայն՝ այս կարգավորման նպատակը և բնույթը հետևյալն է․ «․․․բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ»։

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածում նախատեսել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները»։

Ինչ խոսք, որոշումը կարևոր է, սակայն թե ինչո՞ւ հիմա՝ նախընտրական շրջանում այն կայացնելու անհրաժեշտություն առաջացավ․ արդյո՞ք սա հերթական ավանսն է ոստիկաններին, որ ավելի անձնվեր աշխատեն ոստիկանապետություն դարձած երկրում։