Foto

Լեգիտիմապաշտ արյունարբուն

Երկվա հրապարակման մեջ արդեն նշել էի, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը լինելու է դաշտում արհեստական օրակարգ ներդնելու մասին՝ բացառապես դատարկություն։ Ասեմ՝ առաջ քաշածս պնդումը միանգամայն արդարացավ, ավելին վերահաստատվեց 225 րոպեանոց բարաբաջանքում։ Փորձում էր խոսել հնարավորինս հանգիստ, առանց էմոցիոնալ կտրուկ շարժումների ու էքզիստնցիալ ցնցումների։ Հիմա ավելի կոնկրետՓաշինյանի ասուլիսի՝ Լաչինի միջանցի փակման խնդրին վերաբերող հիմնական ուղերձը մեկն էր՝ «մենք փաս», այսինքն՝ Հայաստանը որևէ քայլ չի կարող կատարել ճանապարհի բացման համար։

Ակնհայտ էր, որ իր այդ մոտեցումն արդարացնելու համար Նիկոլն ամենատարբեր դրսևորումներով հղում կատարեց 2020 թվականի նոյեմբերի 9–ի փաստաթղթին, բազմաթիվ այլ իրողությունների։ Սակայն, անկախ հղման աղբյուրների բազմազանությունից՝ նրա ասելիքը մեկն էր, որը նույնիսկ ներկայացրեց առանց ավելորդ ձևականության՝ Լաչինի միջանցքի հետ կապված «ՀՀ--ն անելիք չունի»։ Տպավորությունն այնպիսին էր, որ ընդհանրապես այդ ասուլիսը հրավիրելու գլխավոր նպատակը հենց դա էր՝ ևս մեկ անգամ, համալիր ու համապարփակ կերպով ներկայացնել, որ ՀՀ-ն ստեղծված իրավիճակում անելիք չունի։ Ընդ որում՝ Փաշինյանն իր պատասխաններում մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով Հայաստանի այդ մոտեցումը հիմնավորեց «լեգիտիմությամբ»։ Ֆորմալ հարթությունում Նիկոլի փաստարկը գրեթե անխոցելի է այո, կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտավորություն ունեն ապահովել Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը, Հայաստանը, ֆորմալ առումով, այդ հարցում պարտավորություն չունի, սակայն խնդիրն այն է, որ սա ոչ միայն և թերևս ոչ այնքան իրավացիություն է, որքան մեծագույն մոլորություն։

Նիկոլ Փաշինյանը ստեղծված քաղաքական, աշխարհաքաղաքական, հումանիտար ճգնաժամում առաջնորդվում է, Հայաստանին դիրքավորում է բացառապես իրավական, եթե կարելի է ասել, լեգալիստական սկզբունքով՝ ըստ էության, երկրորդական, երրորդական պլան մղելով խնդրի քաղաքական կողմը։ Այն դեպքում, երբ միջազգային հարաբերություններում ու հակամարտային իրավիճակներում՝ ընդհանրապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունում՝ մասնավորապես, անցքերն իրենց վրա կրում են առաջին հերթին քաղաքական գործոնների, դրանցով պայմանավորված ուժային հարաբերակցության ազդեցությունը, և միայն դրանից հետո խնդիրները տեղափոխվում են իրավական հարթություն։ Ավելին, որպես կանոն՝ իրավական, կամ ինչպես Նիկոլն է սիրում ասել՝ լեգիտիմ հիմքերը ծառայեցվում են հենց քաղաքական խնդիրների լուծմանը և ոչ թե քաղաքական հարաբերություններն են համապատասխանեցվում իրավական իմպերատիվներին։

Ասվածը գուցե անարդար է, անաբարո է, տմարդի է, բայց հենց այդպիսինն է միջազգային հարաբերությունների չգրված, բայց ֆորմալ կառուցակարգերից ավելի ազդեցիկ օրենքը։ Ահա հենց այս պայմաններում Փաշինյանը, իրեն ու ՀՀ-ին դուրս դնելով քաղաքական հարթությունից, դրոշակ է դարձրել խնդրի իրավական, լեգալիստական կողմը և առաջնորդվում է այն սկզբունքով, որ կարևորը՝ ամեն ինչ լինի լեգիտիմ։ Ընդ որում, նա ոչ ուղղակիորեն, սակայն ենթատեքստային զուգահեռներ է կատարում Ադրբեջանի կողմից ավելի քան քսան տարի թմբկահարված ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք, կրկին ըստ Փաշինյանի ենթատեքստային ակնարկի, ի վերջո, հանգեցրեցին արցախյան վերջին պատերազմի ողբերգական ավարտին։

Փաստերի համադրությունը վերահաստատում են այն մոտեցումը, որ ստեղծված իրավիճակում Փաշինյանը, ըստ ամենայնի, ցանկանում է հասկացնել, որ եթե մենք առաջնորդվենք միայն միջազգային օրենքներով, խնդրի իրավական, լեգալիստական բացարձակությամբ, ապա կարող ենք խուսափել նոր աղետներից։ Բայց գուցե կրկին ֆորմալիստական իմաստով նա իրավացի լինի, գիտակցված կամ ոչ, մոռանում է նշել, որ այդ ավելի քան քսան տարիների ընթացքում Ադրբեջանի թմբկահարած ՄԱԿ ԱԽ բանաձևերը գործնականում չեն իրացվել հայկական կողմի ոչ միայն իրավական, այլ առավելապես քաղաքական հակազդեցության արդյունքում։

Թերևս շատերդ կհամաձայնեք, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլի, ՀՀ պաշտոնական, լեգալիստական դիրքորոշումը շատ նման է իրավիճակի, երբ ծնողը, պայմանագրային հարաբերություններով երեխայի խնամքը ստանձնած դայակի կողմից երեխային սովի մատնելուց հետո, փորձում է ոչ թե բոլոր հնարավոր միջոցներով կերակրել սեփական զավակին, այլ հղում է կատարում դայակի հետ կնքված պայմանագրին՝ հայտարարելով, թե երեխայի փրկության հարցում ինքն անելիք չունի։ Համաձայն եմ, իրավական տեսանկյունից գուցե անթերի մոտեցում է, բայց բարոյական առումով արժանի է գնահատականի, որի հրապարակումը պատժվում է Քրօր-ով։

Ամփոփելով՝ պետք է մի ողբերգական արձանագրում անենք, որ ըստ էության՝ լեգիտիմությունը որպես սևեռուն գաղափար դարձրած Փաշինյանի համար կարծես ավելի կարևոր է ոչ թե Արցախի կորստի ու Հայաստանի անկումների դադարեցումը, այլ, որպեսզի այդ կորուստն ու անկումները լինեն հատկապես ու առանձնապես լեգիտիմ։

Արմեն Հովասափյան