Նախորդ շաբաթվա
վեջին հայտնի դարձավ (հավաստի աղբյուրի սլիվից), որ հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը
հերթական ինքնաասուլիսն է նախատեսում․ ի դեպ՝ սա 2020 թվականի սկզբին լրագրողների հետ նրա վերջին
հանդիպումից հետո առաջին ասուլիսն է։ Բոլորս ենք հիշում, որ 2020-ին հաջորդած երկու
տարիներին նա գերադասում էր պատասխանել միայն Հանրային կամ ոչ հանրային, բայց յուրային
լրագրողների հարցերին՝ ամեն կերպ խուսափելով իր նախկին գործընկերների հետ շփումից։
Այստեղ միանգամից
առաջին պլան է գալիս բոլորիս հուզող հարցը․ այս դեպքում ի՞նչն է Փաշինյանին
ստիպել լրագրողներից այդքան հեռանալուց հետո ասուլիս հրավիրել և պատասխանել, այդ թվում՝
չնախապատրաստված հարցերի։ Միանշանակ այդ հարցին, դժվար է միարժեք պատասխանել, բայց
ակնհայտ է, «ժողովրդավարական բաստիոնի» մասին մտահոգությունը չէ, որի պատճառով նա որոշել
է խախտել իր ավտորիտար ընթացքը և ներկայանալ՝ որպես թափանցիկ ղեկավար։ Ի դեպ՝ նույնքան
ակնհայտ է, որ ինչ-որ կոնկրետ հաշվարկ է դրդել Նիկոլին հատկապես այսօր, հատկապես Լաչինի
միջանցքի շուրջ մեկամսյա փակման պայմաններում, ասուլիս հրավիրել։ Միանշանակ է, նաև,
որ այստեղ ակնհայտորեն միտում կա և առկա են կոնկրետ ենթատեքստեր, տվյալ դեպքում՝ աշխարհաքաղաքական։
Ըստ էության՝ Փաշինյանի
գործողությունների հնարավոր դրդապատճառները կարող են հասնել անսահմանության, բայց բոլոր
դեպքերում նրա այսօրվա ասուլիսը կարող է ունենալ երկու հավանական զարգացում՝ կա՛մ նա
պատրաստվում է ինչ-որ սենսացիոն հայտարարություն անել, կա՛մ հակառակը՝ մի քանի ժամ
խոսել և որևէ բովանդակային միտք կամ նորություն չարտահայտել։ Այս երկու հնարավորություններն
էլ համարժեք չեն այն անվտանգային մարտահրավերներին, որոնցում այսօր գտնվում է առաջին
հերթին Արցախը, բայց նույնքան վտանգաբար՝ նաև Հայաստանը։ Միանշանակ է, որ այս իրավիճակը
ՀՀ օրվա իշխանությունից պահանջում է ոչ թե խոսք՝ անկախ բովանդակությունից, այլ գործ,
հատկապես ու առավել ևս՝ այնպիսի գործ, որի մասին չեն խոսում ու որը չեն թմբկահարում
և որի մասին հանրությունը տեղականում է միայն արդյունքով։
Եթե ավելի որոշակի,
ապա ներկայիս պայմաններում այդ արդյունքը կարող է լինել միայն Լաչինի միջանցքի անհապաղ
բացումը և արցախահայերի փրկությունն աղետից։ Փաստացի որևէ այլ ակնկալիք, այլ ասելիք
հանրությունը Փաշինյանից չունի, կամ նորմալ չէ, որ ունենա։ Ասվածից ակնհայտ է, որ նման
պայմաններում Նիկոլի կողմից ասուլիս հրավիրելը կարող է համարժեք և արդարացված համարվել
միայն այն դեպքում, եթե նա հայտարարելու է Լաչինի միջանցքի բացման մասին։ Բայց դա անհնար
տարբերակ է, քանի որ հակառակ պարագան կնշանակի, որ ուղիղ կապ կա Փաշինյանի և «ադրբեջանցի
էկոակտիվիստների» և կամ նրանց ուղղորդող Ադրբեջանի իշխանությունների միջև։ Հետևաբար,
ի՞նչ է ասելու Փաշինյանն ասուլիսում, եթե չի հայտարարելու Լաչինի միջանցքի բացման մասին։
Գործնականում ոչինչ, եթե անգամ նրա հայտարարությունները լինեն մերկանալու չափ սենսացիոն
ու ամառային ձյան նման անսպասելի։
Ըստ ամենայնի՝ այս
կարգի էսկալացիոն փուլում ասուլիս հրավիրելով՝ Փաշինյանը խոստովանում է, որ որպես պետության
ղեկավար՝ չի կարողանում աշխատել այն պայմաններում, երբ պահանջվում է առավելագույն գործ՝
առանց որևէ խոսքի։ Բայց նա, քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, ներկայանում է «միայն
խոսք, առանց գործի» անճարությամբ և, մեծ հավանականությամբ, իր այդ անճարության համար
մատնանշելու է բոլոր հնարավոր ու անհնար մեղավորներին՝ միջազգային հանրությունից՝ մինչև
Ռուսաստան, Արևմուտքից՝ մինչև Չինաստան, բոլորին ահա, բացի իրենից։ Կասկածից վեր է,
որ որպես սկանդալի վարպետ, նա կարող է անել հայտարարություններ, որոնք գուցե մի քանի
օր, հնարավոր է՝ մի քանի շաբաթ կփոթորկեն տեղական ու օտարերկրյա մամուլը, կփչացնեն
առանց այդ էլ վատթար հարաբերությունները բոլորի հետ։ Ի դեպ՝ կարևոր է փաստել, որ այդ
հայտարարությունները կարող են լինել հիմնավոր կամ անփաստարկ, հաշվարկված կամ էքսպրոմտ
և լավագույն դեպքում կարող են ծառայել հանրային ուշադրությունը շեղելուն։
Ամփոփելով հավելենք,
որ առաջիկա ժամերին հնչված հայտարարությունները լսելուց հետո հանրությունը ոչ թե պետք
է քննարկի նրա ասածները, այլ փորձի հասկանալ, թե հատկապես ինչի մասին չխոսեց կամ այլ
խոսելիքով առանձնապես ինչից նա շեղեց ուշադրությունը։ Ըստ էության՝ Արցախն ու Հայաստանը
հիմա գտնվում են այնպիսի իրավիճակում, որ Նիկոլի ամենաիմաստուն ու օգտակար ասելիքը
լռությունն է, և չի կարելի բացառել, որ այդ ամենը փայլուն գիտակցելով էլ նա որոշել
է խոսել։
Արմեն Հովասափյան









