Իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով Լիբանանի հարավային շրջաններում 10 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ջիբշիթ բնակավայրում ապրիլի 29-ի գիշերը բնակելի շենքի թիրախավորման հետևանքով նույն ընտանիքի 5 անդամներ զոհվել են, վիրավորվել է ևս 13 մարդ։
Բացի այդ, Լիբանանի հարավային Սուրի շրջանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ շտապօգնության 3 աշխատակից, որոնք փրկարարական առաքելություն իրականացնելիս հարվածից հետո մնացել են փլատակներում։
Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև Լիբանանի բանակի երկու զինվոր։
Վարչապետ Նավաֆ Սալամը դատապարտել է հարվածը՝ այն անվանելով Լիբանանում նոր պատերազմական հանցագործություն։ Նա նաև նշել է, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը՝ իսրայելական բանակին ստիպելու պահպանել հրադադարը։
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» լիբանանա-իսրայելական սահմանի մոտակայքում անօդաչու թռչող սարքերով թիրախավորել իսրայելցի զինվորների հավաքատեղին։
Հաղորդվում է նաև, որ պայթյուններ են որոտացել ալ-Կանտարա քաղաքում. իսրայելական բանակը հայտարարել է, որ պայթեցնում է «Հեզբոլլահ»-ի թունելային ցանցը։
Չնայած ապրիլի 16-ի կեսգիշերին ուժի մեջ է մտել «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարը, սակայն կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2534-ի, իսկ վիրավորներինը՝ 7863-ի։









