Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահի համար նման քայլը հավասարազոր է «քաղաքական ինքնասպանության», քանի որ չի բխում նրա շահերից։
Թաթոյանը նաև ուշադրություն է հրավիրել պայմանագրի չորրորդ կետի վրա, ըստ որի՝ կողմերը պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Նրա խոսքով՝ այս դրույթը հակասում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։
«Այս համաձայնագիրը փաստացի խաղաղություն ապահովող փաստաթուղթ չէ»,- ընդգծել է նա։
Թաթոյանը նաև նշել է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը միայն այն դեպքում, եթե դա անի նաև Ադրբեջանի նախագահը, սակայն վստահություն է հայտնել, որ դա տեղի չի ունենա։ Նրա գնահատմամբ՝ այդ պայմանագիրն արդեն իսկ իրապես գոյություն չունի։









