ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ։
«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, պարարվեստի սիրահարներ, ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում այն վաղուց գտել է իր արժանի տեղը՝ համախմբելով պարի սիրահարներին և պարարվեստի գործիչներին:
Պարն ուղեկցում է և համոզված եմ՝ շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում՝ արտացոլելով մեր ձգտումները, զգացումները, հույզերն ու ապրումները, ինքնությունն ու ավանդույթները։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։
Մեզանում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին Երևանն ապրում և շնչում է պարով: Այս տարի ևս Պարի միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեր սիրելի մայրաքաղաք Երևանը կվերածվի մի մեծ պարային հարթակի՝ պարային հանդիսություն նվիրելով երևանցիներին և քաղաքի հյուրերին:
«Արի՛ պարի» կարգախոսը ժամը 16.00-ին տոնական շուրջպարով Հանրապետության հրապարակում կհամախմբի պարախմբերին և պարի սիրահարներին, իսկ ժամը 18.00-ից այն կտարածվի ողջ քաղաքով՝ եզրափակվելով Ազատության հրապարակում:
Պարի տոնը կթևածի նաև Հայաստանի Հանրապետության մարզերով, որտեղ ևս կկայանան պարային ֆլեշմոբեր:
Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այս պարային հրավառությանը և շրջան կազմելով՝ բոլորս միասին կրկին կհիշեցնենք աշխարհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված մեր ազգային պարի մասին:
Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու և հիշելու պարարվեստի երախտավորներին, քննարկելու ոլորտին հուզող հարցերը և կատարված աշխատանքը: Մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ: ՀՀ կառավարությունը պատրաստ է մշտապես լինել ձեր կողքին` աջակցելով հայկական պարարվեստի զարգացմանն ու միջազգային հարթակներում հայկական պարի ճանաչելիության բարձրացմանը»։









