Ֆրանս-իսրայելցի ադամանդագործ մագնատ Բենի Շտայնմեցը երկուշաբթի կվերադառնա շվեյցարական դատարան՝ Գվինեայում հանքարդյունաբերության իրավունքների հետ կապված կոռուպցիոն գործով իր դատավճիռը բողոքարկելու համար, հայտնում է AFP-ն:
Ժնեւի դատարանը 2021 թ. հունվարին 66-ամյա գործարարին մեղավոր էր ճանաչել կաշառք տալու համար մշակված ֆինանսական ցանցի ստեղծման մեջ, որպեսզի նրա ընկերությունը կարողանա հանքարդյունաբերման թույլտվություններ ստանալ մի տարածքում, որտ պարունակում է աշխարհի երկաթի ամենամեծ չօգտագործված հանքաքարերը:
Նա հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել, ինչպես նաեւ պարտավորվել էր 50 միլիոն շվեյցարական ֆրանկ (52 միլիոն դոլար) փոխհատուցում վճարել Ժնեւի կանտոնին։
Շտայնմեցն ամբողջ դատավարության ընթացքում պնդել է, որ անմեղ է, եւ անմիջապես բողոքարկել է դատարանի որոշումը՝ այն «մեծ անարդարություն» անվանելով։
Վերաքննիչ բողոք են ներկայացրել նաեւ նրա երկու ենթադրյալ հանցակիցները, որոնք ավելի փոքր ժամկետով են դատապարտվել։
Շտայնմեցը փոխել է իր իրավական եւ կոմունիկացիոն թիմը բողոքարկման համար, եւ նրանք պատրաստվում են պնդել, որ ստորադաս դատարանն ամբողջությամբ չի լսել նրա փաստարկները եւ սխալ է հասկացել իրավիճակը:









