Foto

Օդում կախված վիճակ

Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփումների տապալման և ռուս-ադրբեջանական կոնտակտների ինտենսիվացման ֆոնին ԵԽ նախագահ Շառլ Միշելը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Մի շարք ԶԼՄ-ների համաձայն՝ զրույցի ընթացքում Միշելն ընդգծել է ԵՄ համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։ Միշելը նաև հավելել է, որ ԵՄ-ը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրման, սահմանների սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։

Տեղին է նաև փաստել, որ Ալիևը հույս է հայտնել, որ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ եռակողմ հանդիպումները և այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման ու սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման շուրջ բանակցությունները կհանգեն իրական արդյունքների (ադրբեջանական ԶԼՄ-ները հստակեցրել են, զանգի նախաձեռնողը եղել է եվրոպական կողմը): Հատկանշական է  հատկապես այն, որ առաջինը կայացել է Միշել-Ալիև հեռախոսազրույց, որի նպատակն ամենայն հավանականությամբ բրյուսելյան գործընթացին նոր թափ հաղորդելն է ու կողմերի միջև շփումների խոչընդոտների վերացումը:

Օրերս իր հայտարարություններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից արված հանդիպման առաջարկը: Ըստ նախնական տեղեկատվության՝ նրանք հանդիպման ընթացքում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեին «խաղաղության պայմանագրի» և հետագա ընթացքի վերաբերյալ։ Կարևոր է նաև ֆիքսել այն, որ բացի գործընթացը տապալելու փորձերից, Ադրբեջանը խստացրել է հռետորաբանությունը և ամեն օր հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին իբրև թե հայկական կողմի կրակահերթերի մասին:

Արձանագրենք, որ եվրոպական կողմն ամեն կերպ փորձում է պահպանել բանակցային գործընթացը, որը սկսվել է Բրյուսելում:  Ավելին, Բրյուսելը նաև փորձում է Երևանին ու Բաքվին քաշել դեպի Մոսկվա՝ բանակցությունների, քանի որ բարձրաստիճան վերջին բոլոր հանդիպումները կայացել են Բրյուսելում: Ըստ էության, առաջինը զանգել այս կամ այն կողմին, նշանակում է, որ Բրյուսելը որոշ հարցեր ունի հստակեցնելու:

Այս բոլորի համադրությունից ակնհայտ է դառնում, որ գոյություն ունեն և՛ բովանդակային, և՛ կազմակերպչական որոշ խնդիրներ, որոնց հետևանքով այն գործընթացը, որը կար մեկ ամիս առաջ, դանդաղել է: Այս վտանգները հասկանալով՝ անսպասելի չէ նաև այն, որ եվրոպական կողմը պետք է փորձի՝ ինչպես չկորցնել գործընթացը, այնպես էլ՝ առաջ մղել, ստանալ արդյունքներ՝ անշրջելի դարձնելով դրանում արևմտյան ներկայությունն ու մասնակցությունը: Մյուս հարթությունն այն է, որ և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի մասնակցությամբ գործընթացն ունի իր բարդությունները, կողմերը հակադրվում են միմյանց, մերժում ինչ-ինչ որոշումներ, հանդիպումներ, գործընթացը դանդաղում է, որից փորձում է օգտվել մյուս կողմը՝ փորձելով այդ հարցերում խորացնել նաև կողմերի միջև տարաձայնությունները՝ ընդգծելու համար մյուս միջնորդի ապակառուցողականությունը:

Սա խոսում է այն մասին, որ մենք գործ չունենք ստատիկ իրավիճակի հետ և դեռ չենք կարող ասել, թե որ մայրաքաղաքում կկարգավորվեն տարածաշրջանային հարցերը: Այդ ամենը կախված է աշխարհաքաղաքական լուծումներից, որոնք, հետևելով ընթացիկ գործընթացներին, շուտ չեն լինելու, և այդ ընթացքում ո՞ր միջնորդը կհաղթի, կողմերը ո՞ւր կհասնեն այդ բանակցություններում՝ ևս չափազանց բարդ է ասելը, քանի որ անորոշության բաղադրիչն էական է, անընդհատ վերադիրքավորումներ են, այդ գործընթացը տեղի է ունենում անընդհատ:

Արմեն Հովասափյան