ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը դադարեցրել է գործունեությունը այս շաբաթավերջին, իսկ Սպիտակ տունը և դեմոկրատ առաջնորդները շարունակել են քննարկել ԱՄՆ ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, այն բանից հետո, երբ անցյալ ամիս Մինեսոտայում դաշնային գործակալները երկու ամերիկացի քաղաքացիների են սպանել, հաղորդում է NBC News-ը։
Կողմերը շարունակում են առաջարկների փոխանակումը, ինչը համաձայնության հասնելու որոշակի հույս է տալիս։ Սակայն դեռևս անհայտ է, թե դեմոկրատների որ պահանջներին կհամաձայնի Սպիտակ տունը. Կոնգրեսը հինգշաբթի օրը հեռացել է Վաշինգտոնից՝ առանց համաձայնության հասնելու։ Գերատեսչության ֆինանսավորումը պաշտոնապես դադարեցվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 12:01-ին։ Սա նշանակում է, որ այնպիսի գործակալությունների դաշնային ծառայողները, ինչպիսիք են FEMA-ն (Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը), Տրանսպորտային անվտանգության վարչությունը և Առափնյա պահպանությունը, աշխատավարձ չեն ստանա, թեև նրանց մեծ մասը կշարունակի ներկայանալ աշխատանքի, քանի որ նրանց գործունեությունը համարվում է կենսական կարևորության։ Ներգաղթի և մաքսային մարմինները, ինչպես նաև Մաքսային և սահմանային պահպանությունը, որոնք գտնվում են կողմերի վեճի կենտրոնում, «շաթդաունից» (աշխատանքի դադարեցումից) ավելի քիչ կտուժեն։
Ակնկալվում է, որ երկու գործակալությունների աշխատակիցները կշարունակեն աշխատել և աշխատավարձ ստանալ, քանի որ այդ կառույցները դեռևս հասանելիություն ունեն 75 միլիարդ դոլարի ֆինանսավորմանը, որը հաստատվել է անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «մեծ ու գեղեցիկ օրինագծի» շրջանակներում։
Ակնկալվում է նաև, որ Ներկայացուցիչների պալատը և Սենատը կգումարվեն ոչ շուտ, քան փետրվարի 23-ը, ինչը մեծացնում է Ներքին անվտանգության նախարարության աշխատանքի առնվազն 10-օրյա դադարեցման հավանականությունը։ Սակայն նրանք կարող են վերադառնալ ավելի վաղ, եթե որոշում կայացվի օրինագծի քվեարկության վերաբերյալ։









