ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը Գերմանիայում ընթացող Մյունխենի անվտանգության համաժողովում իր երկար սպասված ելույթը սկսել է Եվրոպայի և Ամերիկայի միջև դաշինքի պատմական նշանակության ընդունմամբ, որը «փրկել է աշխարհը անցյալի սպառնալիքներից», հայտնում է CNN-ը:
«Թեև մենք պատրաստ ենք, անհրաժեշտության դեպքում, դա անել միայնակ, մենք նախընտրում ենք և հույս ունենք դա անել ձեզ հետ միասին՝ մեր ընկերների հետ Եվրոպայում», - ասել է Ռուբիոն։ «Մենք պատկանում ենք միմյանց»:
Ընդգծելով տասնամյակների գործընկերության կարևորությունը, որը հայտնվել էր մեծ լարվածության տակ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում՝ Ռուբիոն խոստովանել է, որ ԱՄՆ-ը երբեմն կարող է լինել որոշակիորեն «ուղղամիտ և պնդողական մեր խորհուրդներում», սակայն փորձել է հավաստիացնել եվրոպացի առաջնորդներին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է դաշինքին։
Թեև ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել ամերիկա-եվրոպական հզոր դաշինքի պատմական կարևորությունը, նա նաև հստակ հասկացրել է, որ Թրամփի վարչակազմի կարծիքով՝ առաջ շարժվելու համար անհրաժեշտ են փոփոխություններ կատարել այդ երկրների համագործակցության ձևաչափում։
«Մեզ պետք են դաշնակիցներ, որոնք կարող են պաշտպանել իրենք իրենց, որպեսզի հակառակորդներից որևէ մեկի մոտ մեր հավաքական ուժին մարտահրավեր նետելու ցանկություն չառաջանա»,- ասել է Ռուբիոն։
«Մեզ պետք են դաշնակիցներ, որոնք հպարտանում են իրենց մշակույթով, իրենց ժառանգությամբ... և մեր հետ միասին ցանկանում ու ի վիճակի են պաշտպանել դա։ Մենք՝ Ամերիկայում, չենք ցանկանում լինել Արևմուտքի «կառավարվող անկման» քաղաքավարի և կոկիկ դիտորդները։ Մենք ձգտում ենք ոչ թե պառակտման, այլ հին բարեկամության վերածննդին», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։









