Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/9 հասցեում, որն արդեն իսկ խիտ բնակեցված է, ևս մի բարձրահարկ
է կառուցվում ։ Շինարարական նորմերը
խախտելու պատճառով վթարային է դարձել Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի տունն ու աշխատատեղին։
Տներից երկուսն արդեն կիսով չափ քանդվել են, քանի որ շենքի որոշ հատվածներ՝ շինարաարական
ծանր մետաղներով ու բետոնե պատերով, ուղիղ մարդկանց սեփականություն հանդիսացող տարածքներում
են։ Թումանյան 2-րդ անցուղու թիվ 5 հասցեում են անցկացվում նաև «Գաթա» բենդի և «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի հավաքույթները։ Այդ շինությունները ևս կիսով չափ քանդված են։ Անդրանիկ
Մանուկյանն այստեղ ապրում է 1991 թվականից, այստեղ է բնակվում նաև Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ
Արթուր Մեսչյանը։ Անդրանիկ Սարկավագը հնարավոր
բոլոր մարմիններին ահազանգել է իր քանդվող տան և արդեն քանդված շինությունների մասին,
ներկայացրել ոչ միայն ստեղծված արտակարգ իրավիճակը, այլև կառուցվող բարձրահարկ շենքի
շինարարության հետ կապված բազմաթիվ ապօրինություններ ու կոռուպցիոն ռիսկեր, որոնք հաստատվել
են ոչ միայն իր պատվիրած անկախ փորձագիտական ընկերության, այլև հենց պետական համապատասխան
մարմինների կողմից։ Անգամ քրեական գործ է հարուցվել, քանի որ առկա են կեղծված փաստաթղթեր։
Ըստ Անդրանիկ Սարկավագի՝ կառուցապատողը խախտել է թույլատրված չափերը մոտ 5մ, բայց որևէ մեկը չի կանգնեցնում շինարարությունը։
Այս խնդրով Անդրանիկ
Սարկավագը դիմել է ԱԺ նախագահին, օրերս հանդիպել է Երևանի փոխքաղաքապետերից մեկին,
սակայն ասում է՝ ապարդյուն։ Փոխքաղաքապետը խոստացել է գալ, տեսնել, չափագրել, սակայն ոչ մեկ չի եկել։ Միակ արձագանքողը
եղել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ով
արձանագրել է խախտումները, բայց շինությունը շարունակում է ավելի արագ թափով առաջ գնալ։
Տեսչական մարմնի կողմից վերջին եզրակացությունը
տրվել է բոլորովին վերջերս՝ ապրիլի 21-ին, որով կրկին առաջարկվում է կասեցնել շինարարությունը
և պարտավորեցնել կառուցապատող ընկերությանը լրամշակել քաղաքաշինական փաստաթղթերը և
իրավաչափ փորձաքննության ենթարկել, հակառակ դեպքում կառույցը կորակավորվի
որպես ինքնակամ։
Շինթույլտվությունը
տվել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր պաշտոնավարման վերջին օրը՝ դեկտեմբերի
22-ին։ Թե ինչո՞ւ է Մարությանը վերջին պահին որոշել ստորագրել մի փաստաթուղթ, որի հիմքում
խնդրահարույց և ուժը կորցրած նախագծային շինթույլտվությունն է, դժվար է ասել։ Փաստն
այն է, որ դեռևս 2018 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը
նույնպես բացասական եզրակացություն է ուղարկել նրան՝ առաջարկելով զերծ մնալ տվյալ տարածքում
կառուցապատում իրականացնելուց, իսկ ծայրահեղ դեպքում թույլտվություն տալ, եթե տրամադրվող
հողամասի առավելագույնը 40 տոկոսը զբաղեցնի բազմահարկ շենքը, իսկ 60 տոկոսը նախատեսվի
շենքի բնակիչների հանրային տարածքի համար։
Անդրանիկ Մանուկյանը
մի ենթադրություն ունի՝ այս ամենը կոռուպցիոն մի մեծ կծիկ է, որում ներգրավված են նաև
պետական կառույցներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այլ բացատրություն, ըստ նրա, այս ամենին
չկա։










