Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին հայտարարել է կառույցի նախագահ Պետրա Բայրը։ԵԽԽՎ նախագահը, դիմելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նշել է, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։
«2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է մեզ համար»,-ասել է Պետրա Բայրը։Նրա բնորոշմամբ՝ այս կարևոր քայլը համընկնում է նաև մեկ այլ կարևոր ուղենիշի հետ, քանի որ Հայաստանն այս տարի նշում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։
«Մեծ ակնկալիքով սպասում ենք՝ տեսնելու այս առաջընթացի շարունակությունը և վստահեցնում ենք, որ ԵԽԽՎ-ն սատարում է Ձեզ (խմբ․՝ խոսքն ուղղված է ՀՀ ԱԳ նախարարին)»,-ընդգծել է ԵԽԽՎ նախագահը։









