Foto

Այսօր 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500,000-600,000 դրամ են տանում և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով:

Վարչապետն անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և նշել, որ այն լավ հնարավորություն է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար՝ հօգուտ զինվորական ծառայության. «Մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամաց-կամաց մոտեցնենք զինծառայությանը և ցույց տանք նրա առավելությունները։ Այսօր 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500 հազար, 600 հազար դրամ են տանում, և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը»:

Բարեփոխումների շրջանակում երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտում գործունեություն իրականացնողների ընկալումն ու գիտակցումը՝ «Ի՞նչ ենք անում մենք, ինչի՞ համար ենք անում»․ Սա ամենակարևոր բանն է, որովհետև բոլորդ գիտեք՝ համակարգային դիմադրությունն ամենադաժան բանն է, որը, երբեմն, հնարավոր չի լինում հաղթահարել: Բայց այն ամենը, որ տեղի է ունենում, ես ուզում եմ ընդգծել՝ սա մեր, բոլորի համատեղ ջանքի արդյունք է: Ուզում եմ, որ մենք սա գնահատենք, այն շատ կարևոր է և շատ բարձր արժեք ունի»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոլորտում իրականացվող այլ բարեփոխումներին ևս՝ համազգեստի փոփոխություն, նոր սպառազինության ձեռքբերում, թվայնացում, կադրային առաջընթացի ապահովում՝ անձի աշխատանքով և ծառայության որակով պայմանավորված: Վարչապետն ընդգծել է, որ այս ուղղություններով աշխատանքը պետք է շարունակել:

Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում շեշտել է բանակի դիմաց նոր անվտանգային բուֆերներ ավելացնելու անհրաժեշտությունը, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի՝ «չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա»: 

«Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը: Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա՝ դա բոլորովին այլ վիճակ է»,- շեշտել է վարչապետը։

Ըստ երկրի ղեկավարի՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը: «Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը՝ որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա անվտանգության երաշխիք է: