Foto

Որպեսզի այլևս չունենանք այնպիսի իշխանություն, ինչպիսին ունենք հիմա

Այսօր բազմաթիվ մարդիկ զարմացած և տարակուսած են, թե ինչպե՞ս է Հայաստանի ժողովուրդը հանդուրժում մի իշխանություն, որը պատերազմ հրահրեց, իր ապիկար կառավարմամբ այն պարտվեց, հազարավոր զոհեր ու հսկայական տարածքներ կորցրեց և դեռ շարունակում է հանձնել ինչ-որ հիպոթետիկ խաղաղության դիմաց: Խաղաղություն, որի միակ «երաշխավորը» պատերազմում հաղթած թշնամին է, նրա «բարի կամքը», որ մի օր չի որոշի գրավել նաև այս իշխանությունների ստեղծած «ժողովրդավարության բաստիոնը»:

Քանի որ հարցադրման առարկան Հայաստանի ժողովուրդն է, ապա պատասխանը պետք է փնտրել հենց այդ ժողովրդի, նրա մեծամասնության մտածողության և ապրելու կրեդոյի մեջ: Ի՞նչ ունենք այս պահին, որպես ժողովուրդ: Մեր ժողովրդի մի ստվար հատվածը տասնամյակներ շարունակ ապրել է յուղալի ուտելու, փայլփլուն հագնելու, DVD և լայնէկրան հեռուստացույց ունենալու, ֆեյսբուքում կամ ինստագրամում «պռակատով» վերցրած երեկոյան զգեստները ցուցադրելու համար: Դրանցից առավել «շուստրիները» կարողացել են նստել պետական նպաստների, խաղատներում մանր մունր շահումների վրա, իսկ դրանցից «ամենաշուստրիները» բիզնեսի անվան տակ վարկեր են կպցրել, բայց փոխարենը ջիպ ու այֆոն են առել: Այս շարքում իրենց կայուն տեղն ունեն նրանք, ովքեր հազարավոր դոլարներ են մսխել բարձրագույն կրթություն ստանալու վրա, բայց առաքիչ կամ սուպերմարկետի «մենեջեր» են աշխատում, նրանք, ովքեր կարճ շրջազգեստով կամ երկար մազապոչիկներով ու պիրսինգներով տեղավորվել են արտասահմանյան գրանտներում, որպեսզի

Ահա այս բոլորին միավորում է հենց այդ որպեսզին: Նրանց մեծամասնությունը հոգու խորքում երազել ու երազում է օր առաջ ստանալ Շենգենի վիզա կամ ԱՄՆ գրին քարտ ու դրա համար իրենց անհատական «շուստրիության» շրջանակներում  «ապրում» է: Նկատեք՝ նրանցից ոչ մեկը, խոշոր հաշվով, չի ապրել հանրային բարիք ստեղծելու համար, նրանց չի հետաքրքրել հարևանի կամ մերձավորի դժվարությունն ու դժբախտությունը, նրանցը ոչ թե ապրելու բովանդակությունն է եղել, այլ՝ ձևը: Եթե չեն հաջողել Ամերիկա գնալ, ապա գոնե այֆոն ունենան, եթե չեն կարողացել հաջողել գիտության մեջ, ապա գոնե դիպլոմ ունենան, եթե չեն հաջողել բիզնեսում, ապա գոնե արտաքուստ բարեկեցիկ թվան և այդպես շարունակ: Արդյունքում՝ նրանցից յուրաքանչյուրն իր «երազանքի» համար ինչ-որ բան ոչ թե վճարել, այլ վաճառել է՝ ժամանակ, մատանի, տուն, կողքինի շահը կամ սեփական պատիվը

Հիմա ի՞նչ եք կարծում, այդ մարդիկ չե՞ն հանդուրժելու մեկին կամ մի քանիսին, ովքեր իրենց «դժբախտ երազանքների» համար վաճառում կամ հանձնում են այն, ինչն իրենց համար թանկ չէ, անձամբ իրենցը չէ կամ այլևս վաճառելու ոչինչ չունեն, բացի հայրենիքից:

Ի դեպ, վերը նկարագրածս ոչ թե այդ ժողովրդի, այլ նրան այդպիսին դարձրած իշխանությունների մեղքն է: Հայաստանի հաջորդ յուրաքանչյուր իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ստեղծարար, հայրենանվեր ու մարդ մարդ դաստիարակելը, որպեսզի այլևս չունենանք այնպիսի իշխանություն, ինչպիսին ունենք հիմա:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան