Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը անդրադառնալով Էգեյան ծովում վերջին տարիներին տիրող իրավիճակին, հայտարարել է, որ այդ հատվծում իրենց պաշտպանական դոկտրինը արմատական փոփոխությունների է ենթարկվելու։ «Մենք Էգեյանը հրթիռներով կփակենք», – ասել է Դենդիասը՝ թիրախավորելով Թուրքիային: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Ըստ հունական «OnAlert» լրատվական կայքի՝ Աթենքը ձևավորում է նոր ռազմական դոկտրին, որը փոխարինելու է ծանր հրետանային համակարգերը երկար հեռահարության և բարձր ճշգրտությամբ հրթիռային համակարգերով։ Քաղվածքի մեջ նշվում է. «Այլևս հիմք չի հանդիսանա միայն զորքերի լոգիստիկան, այլև շարժական ու երկար հեռահարության ճշգրիտ հարվածային կարողությունը»։
Նոր համակարգերը կներառեն էլեկտրոնային պատերազմի, հրամանատարության վերահսկման և հետախուզության ցանց, որը կհամադրվի ծովային թիրախների դեմ գործող հրթիռային համակարգերի հետ։ Կայքը գրում է, որ սա Թուրքիայի տեսանկյունից պետք է լինի անհանգստացնող, իսկ թուրքական մամուլում շրջանառվող լուրերում նշվում է, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Աթենքն անհանգստացած է Թուրքիայի աճող ռազմական ներուժից:









