Հայաստանյան ֆինանսական
ոլորտի մասնագետների բնորոշմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը բավական զգայուն
է արձագանքել նաև Հայաստանի բանկային համակարգը։ Հայտնի է, որ հակամարտության մեկնարկից
հետո տեղի է ունեցել բանկային կապիտալի արտահոսք, ինչն արտահայտվել է խնայողությունների
կրճատման տեսքով։ Մարտին, պաշտոնական տվյալներով, բանկային խնայողությունները նվազել
են 68 մլրդ դրամով, մոտավորապես՝ 130-135 մլն դոլար։ Նշենք, որ նման ծավալի շեղումներ բանկային համակարգում միշտ չէ, որ
լինում են։ Որպես կանոն՝ նման երևույթները բնորոշ են անկայուն իրավիճակներին։ Նվազել
են ինչպես ոչ ռեզիդենտների, այնպես էլ՝ ռեզիդենտների բանկային խնայողությունները։
Ինչպես հայտնի է՝ ռուս-ուկրաինական
հակարմարտության և ՌԴ տնտեսության նկատմամբ ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից կիրառված համատարած
պատժամիջոցների հետևանքով ֆինանսական շուկայում սկզբնական փուլում ի հայտ եկած անկայունությունը
ստիպել է շատերին բանկերից հանել իրենց խնայողությունները։ Այդպես են վարվել ոչ միայն
տնտեսական հատվածի մասնակիցներն ու իրավաբանական անձինք, այլև քաղաքացիները։ ՀՀ բնակչության
բանկային խնայողությունները տարեսկզբի առաջին 3 ամիսներին կրճատվել են 13 մլրդ դրամով։
Կրճատման պատճառները կարող են տարբեր լինել, ըստ ամենայնի՝ դա պայմանավորված է նրանով,
որ քաղաքացիների մի մասը բանկերից հանել են իրենց գումարները՝ ծախսեր անելու համար։
Ինչպես հայտնի է՝ կյանքը Հայաստանում թանկանում է, գները համատարած բարձրանում են,
իսկ մարդկանց եկամուտները դրան համարժեք չեն ավելանում։ Հենց դա էլ, ըստ էության, ազդել
է բանկային խնայողությունների կրճատման վրա։ Ազդել են նաև ձևավորված սպասումները։ Ֆինանսական
համակարգում ի հայտ եկած ռիսկերի հետևանքով, տեղի է ունեցել բանկային կապիտալի արտահոսք։
Կարևոր է փաստել, որ արտահոսքը
նկատվել է մարտին, երբ ֆինանսական շուկան ցնցվեց
ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով։ Այդ ամսին նվազել են՝ ինչպես ընդհանրապես
բանկային խնայողությունները, այնպես էլ՝ բնակչության խնայողությունները։ Բնակչության
ավանդները կրճատվել են ավելի քան 34 մլրդ դրամով կամ 65-70 մլն դոլարով։ Դա արտահայտվել
է թե՛ դրամային, թե՛ տարադրամային խնայողությունների դեպքում։
Ըստ էության՝ արժութային
շուկայի անկայունության պայմաններում դրամային խնայողությունների փախուստը հասկանալի
է։ Բայց, երբ նույն կերպ են արձագանքում նաև տարադրամային խնայողությունները, դա բոլորովին
այլ խնդիր է և քիչ կապ ունի արժութային շուկայի անկայունության ու ազգային արժույթի
արժեզրկման հետ։ Մարտին բնակչության դրամային խնայողությունները կրճատվել են ավելի
քան 15 մլրդ դրամով։ Տարադրամային խնայողությունները նույն ամսին նվազել են 18 մլրդ
դրամով։ Բայց եթե հաշվի առնենք, որ այդ ամսին դրամը գտնվում էր արժեզրկված վիճակում,
ապա տարբերությունն ավելի մեծ կլինի։ Դրա վրա ազդել են մարդկանց մտավախությունները ֆինանսական համակարգի նկատմամբ։ Այդ շրջանում անորոշություններն
ու լարվածությունը չափազանց մեծ էր, ինչն էլ ստիպել է, անվտանգության և այլ նկատառումներից
ելնելով՝ հանել խնայողությունները բանկերից։ Բանկային ավանդների նկատմամբ մտահոգություններ
են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ այլ երկրների ռեզիդենտները և նրանք ևս հանել են իրենց գումարները։
Այստեղ հատկանշական է
այն հանգամանքը, որ ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի բանկային համակարգում ներդրված
ավանդները մարտի անկայունության շրջանում կրճատվել են 46 մլրդ դրամով։ Հայաստանյան
ռեզիդենտների դեպքում արտահոսքը համեմատաբար փոքր է եղել, մարտին՝ փետրվարի նկատմամբ,
ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավանդները կրճատվել են 22 մլրդ դրամով։ Վերջին տվյալներով,
ոչ ռեզիդենտների խնայողությունները Հայաստանի բանկային համակարգում կազմում են 825
մլրդ դրամ։
Այս ամենին զուգահեռ՝
բնակչության բանկային խնայողությունները, որոնք հասնում են գրեթե 3,7-3,8 մլրդ դոլարի,
տարեսկզբի 3 ամիսներին նվազել են։ Նվազել են հատկապես դրամով պահվող խնայողությունները։
Դրամի փոխարեն բանկերում ավանդ ունեցող քաղաքացիները նախապատվությունը տվել են արժութային
խնայողություններին։ Դրանք տարեսկզբի համեմատ որոշ չափով ավելացել են և գերազանցել
969 մլրդ դրամը։ Թե ինչո՞ւ են արժութային խնայողություններն ավելացել, ի տարբերություն
դրամայինի, հավանաբար հասկանալի է. կա վստահության խնդիր։
Ի դեպ՝ չի բացառվում,
որ բնակչության մի մասը նախընտրել է իր դրամային խնայողությունները փոխարկել տարադրամի՝
ապահովագրելու արժեզրկման հավանականությունից։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ տարադրամի
գներն արժութային շուկայում բավականաչափ նվազել են։ Դրանք շատ ավելի ցածր են, քան մինչև
ռուս-ուկրաինական հակամարտությունը ու դրանից առաջ հաստատված գները։ Դրամի արժևորման
արդյունքում ֆինանսական շուկայում լարվածությունը թուլացել է, բայց շարունակում է պահպանվել։
Արմեն Հովասափյան









