Foto

Ուշացող «դիակնոս»

Հետևելով վերջին չորս տարիներին մեր իրականության մեջ տեղի ունեցող գործընթացներին ու ականատես դառնալով շրջադարձային իրադարձություններին` վստահաբար կարող եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության բնույթը հասկանալու համար քաղաքական, քաղաքագիտական հետազոտություններն ու վերլուծությունները ոչ միայն բավարար չեն, այլև կարող են ապակողմնորոշիչ լինել։ Ասեմ ավելին՝ Փաշինյանին հասկանալու համար անհրաժեշտ է հոգեբանական-հոգեբուժական լրջագույն հետազոտություն։ Ի դեպ՝ ոչ թե «դեղերը չի խմել» հակաքարոզչության անլուրջ թեզի շրջանակներում, այլ՝ լրջորեն վերլուծելով նրա յուրաքանչյուր քայլի դրդապատճառները և հիմնավորումները։ Հենց նման վերլուծությունը կարող է բացահայտել նրա քրոնիկ վախերը, տագնապները, բնավորության գուցե՝ խիստ հուզական ու մարդկային, իսկ հնարավոր է՝ դաժան ու դիվային կողմերը։

Այսօր ունենք մի ցավալի, բայց շատ կոնկրետ իրավիճակ. նախօրեին Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել հղի կնոջ, ով մինչև հիվանդանոց հասնելը մահացել է (չի բացառվում, որ արդեն մահացած է եղել), ցավոք չի հաջողվել փրկել նաև պտղին: Սա որոշակի, ավելի քան որոշակի իրավիճակ է, որում մարդու այս կամ այն վարքագիծը կարող է անսխալորեն բացահայտել նրա որակները կամ դրանց բացակայությունը։ Վրաերթից հետո ո՛չ  Փաշինյանը, ո՛չ էլ իրեն ուղեկցող բազմաթիվ մեքենաներից որևէ մեկը չեն կանգնել, ասել է թե՝ Նիկոլին իր շատ «սիրելի» հանրությունից պաշտպանող տասնյակ թիկնապահներից որևէ մեկը չի փորձել փրկել մահացող կնոջը։ Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր բանական քաղաքացու մոտ առաջացած «ինչո՞ւ»  հարցի պատասխանը քննիչներին ու դատավորներին թողնելն իրականությունը լղոզելու նաիվ ու վտանգավոր փորձ կլինի։ Իսկ իրականում այդ հարցին պետք է պատասխանեն հոգեբաններն ու հոգեբույժները՝ կոնկրետ իրավիճակում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը համադրելով նրա անցյալի հայտարարությունների, այլ իրավիճակներում դրսևորած պահվածքի հետ։ Հենց նշված մասնագետները պետք է փորձեն գտնել  գլխավոր հակասության բացատրությունը։

Բոլորս գիտենք, որ Փաշինյանը մարդ է, ով իր իշխանական քարոզչությունը կառուցել է քաղաքացիների առաջ խոնարհման գաղափարի վրա։ «Խոնարհվում եմ» արտահայտությունն անցած չորս տարիներին նա արտասանել է անհաշվելիորեն շատ ու զզվելիորեն ցինիկ տոնայնությամբ։ Նիկոլը մարդ է, ով մեջքի դրամատիկ ճկունությամբ ու դեմքի սրտակեղեք արտահայտությամբ խոնարհվում է արցախյան պատերազմում զոհվածների շիրիմների առաջ։ Ավելին՝ խոնարհվում է՝ հնարավորինս ֆոտոգենիկ պոզաներով և առանց շրջապատում մարդկային շնչի, բնականաբար։

Ըստ այդմ, ունենք մի իրավիճակ, որ մարդը, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, խոնարհման նկատմամբ անդիմադրելի սեր ունենալով հանդերձ, կյանքում առաջին անգամ չի խոնարհվում այն դեպքում, երբ ոչ թե դերասանական խոնարհումը, այլ ամենապարզ մարդկային կռացումը կարող էր կնոջ կյանք փրկել։ Դրանից բխում է, որ մասնագետները, պետք է փորձեն հասկանալ՝ ինչո՞վ է բացատրվում իրողությունը, որ Փաշինյանը խոնարհումի տարբեր տեսակներից հակում ունի հատկապես նեկրոֆիլ խոնարհման նկատմամբ, և անհաղորդ է այն դեպքում, երբ խոնարհումը կարող է կյանք փրկել։

Հանուն արդարության պետք է փաստենք, որ սա հեշտ խնդիր չէ մասնագետների համար, բայց կենսականորեն կարևոր է ՀՀ ու նրա քաղաքացիների տեսանկյունից, քանի որ մահու չափ վտանգավոր է, երբ երկիրը ղեկավարում է մահվան նկատմամբ հակում ու կյանքի նկատմամբ ատելություն ունեցող մեկը, ով խոնարհվում է հատկապես մահացածների շիրիմներին և չի խոնարհվում մահացողներին փրկելու համար։ Կասկած չունեմ, որ այդ հետազոտությունը կարող է տալ Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի վերաբերյալ շատ հարցերի պատասխաններ։

Արմեն Հովասափյան