«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ու վերլուծաբան Գոռ Մարգարյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Լազարյանների անվան հայագիտական կենտրոնի հրավերով, Մոսկվայում հանդես եկան դասախոսությամբ՝ «Հայոց պատմության հիմնահարցերը և ադրբեջանական պատմակեղծարարությունները» թեմայով։
Խոսելով Հայոց պետականության զարգացման փուլերի, Հայկական լեռնաշխարհում պետականության ավանդույթների մասին՝ Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ ադրբեջանական պատմագրության կողմից փորձ է արվում մերժել հայկական պետականության գոյությունը և անտեսել պատմագիտական հնագույն աղբյուրները, որոնք փաստում են Հայոց պետականության հնագույն լինելու մասին:
Ելույթի ընթացքում Գոռ Մարգարյանը ներկայացրեց «Գեղարդ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները։ Իր խոսքում վերլուծաբանն ընդգծեց․«Հակառակ այն փաստին, որ ադրբեջանական իրականության մեջ Ռուսաստանի ընկալումը, մեղմ ասած, հակասական և բացասական երանգավորմամբ է, նույն Ռուսաստանում և ռուսալեզու հանրույթի շրջանում ադրբեջանցիները բավական հաջողություններ են գրանցել ադրբեջանական քարոզչական նարատիվների տարածման հարցում։ Խավիարայի՞ն դիվանագիտությամբ է արվել դա, թե՞ այլ միջոցներով․ դրանում չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ ռուսական դաշտում մեր անելիքներն օրակարգային են և անհրաժեշտ՝ առնվազն հակակշռելու կեղծարարության տարածմանը»։
Բանախոսներն անդրադարձան նաև Հայաստանի և տարածաշրջանի պատմական, քաղաքական, ժողովրդագրական և մշակութային ոլորտներին վերաբերող գիտական և վերլուծական ուսումնասիրություններին, հայագիտության առջև ծառացած հիմնախնդիրներին և դրանց լուծման տարբերակներին, խորհրդային և հետխորհրդային ադրբեջանական պատմագրությանը։









