Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ
նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում`
Արցախի փրկության և ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Վանեցյանն
այս օրերին տված հարցազրույցներում բազմից նշել է, որ այլևս չի վերադառնալու
խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը: «Մի խորհրդարանում, որտեղ
հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող
հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ
այլևս ինչով պետք է զբաղվեմ»,- ասել է նա:
Վանեցյանի այս խոսքերից
ելնելով լրատվականներում լուր տարածվեց, որ նա պատրաստվում է վայր դնել մանդատը: Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը մեկնաբանություն խնդրեց «Հայրենիք» կուսակցության մամուլի
խոսնակ Սոս Հակոբյանից:
Վերջինս ասաց. «Պարոն Վանեցյանն
ասել է՝ համարեք մանդատը վայր դրած է: Ինքը չի գան խորհրդարան՝ աշխատելու այն մարդկանց
հետ, ովքեր ասում են՝ եկեք Արցախը ինչ-որ անհասկանալի օրակարգով տանք Ադրբեջանին: Արթուր
Վանեցյանը չի պատրաստվում զբաղվել պատգամավորական գործունեությամբ, քանի որ արդեն կա
Ազատության հրապարակի այս օրակարգը: Մանդատները, ֆորմալ առումով, մի օր այս շարժման
ընթացքում կարող են պետք գալ՝ գուցե ԱԺ-ում ելույթի, քվերակության կամ այլ նպատակով:
Բովանդակային առումով այդ մանդատն այևս ոչ մեկին պետք չէ, իսկ ձևական իմաստով այն կարող
է օգնել այս շարժմանը»:









