Foto

FIDE Grand Prix․ Արոնյանը պարտվեց Նակամուրային

Բեռլինում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գրան պրի շարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ պարտություն կրեց 50-րդ քայլում։

Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել էր Նակամուրային։

A խմբում երկու գրոսմայստերներն էլ վաստակել են 2 միավոր

Խմբում ընդգրկված են նաեւ ռուսաստանցիներ Անդրեյ Եսիպենկոն ու Գրիգորի Օպարինը, որոնք 3 տուրից հետո ունեն 1,5-ական միավոր։ Չորրորդ տուրի նրանց պարտիան դեռ չի ավարտվել։

Խմբային փուլում կանցկացվի 6 պարտիա։

16 մասնակիցները բաժանվել են 4 խմբերի, որոնց հաղթողները դուրս կգան փլեյ-օֆֆ։

FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Վիճարկվում է երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է շարքի երեք մրցաշարից երկուսին։ Մրցաշարի հաղթողը ստանում է 13 միավոր, եզրափակիչում պարտվածը՝ 10 միավոր, կիսաեզրափակիչում պարտվածները՝ 7-ական միավոր։