ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Vesti.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ դժվար օրեր են ապրում, բայց ամեն բան զուլալվելու է, ամեն ինչ վերադառնալու է իր ակունքներին: Նա նաև ասաց, որ որևէ մեկին մեղադրելու ցանկություն չունի, բայց կարծում է, որ միշտ լինելու են մարդիկ, որ առողջ են մտածելու ու լինելու են Հանրապետականի կողքին:
-ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների մեծամասնությունն իշխանափոխությունից անմիջապես հետո իր անվերապահ աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, ու բացառված չէ, որ այդ մարդիկ այս ընտրությունների ժամանակ այժմ էլ «Քաղաքացիական պայմանագրի» համար ձայն ապահովեն:
Ռեյտինգային կարգով առաջադրվող թեկնածուների մասին դուք խոսում եք մի պատգամավորի հետ, որի համար պառլամենտարիզմի լավագույն մոդելը բրիտանականն է, միայն մաժորիտար: Ես միշտ մտածել եմ, որ այդ մշակույթը ձեռք բերելն ու դրան ինտեգրվելը կարևոր է, որովհետև եթե մենք հիմա անցնեինք ամբողջովին համամասնական ընտրակարգի, ապա ապագայում այդ պատգամավորները կտրված են լինելու թե՛ հասարակությունից, թե՛ տարածքներից, իսկ մեծամասնական համակարգը ենթադրում է տարածքների հետ աշխատանք: Մեծամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուները, ի տարբերություն վերացական խոսող ու կոնկրետ գործողություններ չանող մարդկանց, հասարակության հետ շատ կոնկրետ կապի մեջ են լինում: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ իշխանությունները փաստացի կադրեր չունեն թե՛ կառավարությունում, թե՛ խորհրդարանում, և ընտրություններից հետո տեսնելու ենք Հանրապետականի կադրերին: Իսկ եթե մենք այդքան վատն էինք, ուրեմն պետք չէր մեզ ներգրավել, իսկ եթե մենք պրոֆեսիոնալ ենք, ուրեմն մեր դեմ պետք չէր պայքարել:
- Խոսքը գործարարների մասին է, օլիգարխների, որոնք Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում այլևս չկան:
Իսկ ինչո՞ւ չկան, կամ եթե կային, ապա ո՞ւր վերացան: Ես մշտապես ասել եմ՝ մարդիկ, որոնք տիրապետում են ֆինանսական միջոցների ու կարողանում են գործարարությամբ զբաղվել, իհարկե, ոչ անձամբ այլ միջնորդավորված, մեծ գործ են անում: Այսօր բիզնես անելը, մեծ ներդրումներ իրականացնելը պետք է խթանի, որպեսզի երկիրը զարգանա: Բայց մենք դեռ չենք հասել մշակույթին, որ գործարարը չզբաղվի պատգամավորական գործունեությամբ, մենք այդ ճանապարհով գնում էինք ու պետք է գնանք ու այնպես անենք, որ մեծամասնական տարածքներից ընտրվեն մարդիկ, որոնք մտահոգ են բնակչության խնդիրներով, ճակատագրով: Ցավալիորեն, այսօր այդ մարդիկ քիչ են, բայց ես հույս ունեմ, որ հետագայում դա վարակիչ է դառնալու:
Աշխարհում տարածված դրույթ է, որ եթե գործարարն իր շահը պաշտպանող մարդ է, եթե գրագետ մարդ է, պիտի հիմնավորի, թե ինչու է այդ գաղափարը կամ օրինագիծն առաջ տանում: Գործարարները մեր ու ձեր թշնամին չեն, գործարարին պետք է փայփայել ու պաշտպանել, որովհետև առանց հարուստ մարդկանց կործանվում է երկիրը: Երբևէ որևէ երկիր չի կարող առաջընթաց ունենալ առանց ուժեղ գործարարի:
-Իսկ եթե այդ գործարարներն այժմ էլ նոր իշխանություններին աջակցե՞ն:
Երևի մարդիկ մոռացել են, որ տարիներ ի վեր խորհրդարանի ամբիոնից ինչի մասին է բղավել Նիկոլ Փաշինյանը: Այդ մարդը պայքարել է իրենց դեմ, հիմա եթե ինքը բերի, ես եմ հիշեցնելու՝ ով էր օլիգարխ, ով՝ ոչ: Բայց ես նաև հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզենա ինձ նման պատգամավոր տեսնել Ագային ժողովում, որն ամեն րոպե իրեն հիշեցնելու է արած հայտարարությունների մասին: Մենք այլևս մեզ չենք կարող թույլ տալ և այդքան ռեսուրս չունենք, որ գործի ու խոսքի հակասություն ցուցաբերենք: Վերջապես մենք ամբողջությամբ հանձնելու ենք իշխանությունը, որ Փաշինյանը պառլամենտում ունենա մեծամասնություն: Եվ այդ ժամանակ ցանկացած հարցի պատասխանատվությունը ոչ թե ժողովրդինն է լինելու, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանինը: Եվ այդ պատասխանատվությունը նա պարտավոր է լինելու կրել:
Վրույր Սևակ Vesti.am