Foto

Վարչապետը պետք է պաշտոնավարի և որպես լիիրավ վարչապետ լուծարի Ազգային ժողովը. քաղաքագետ

Խորհրդարանական շատ ուժեր՝ այդ թվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն հայտարարում են, որ պատրաստ են բանակցել ԱԺ-ն ցրելու շուրջ։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, ինչի՞ վերաբերյալ են կոնկրետ բանակցելու, ժամկետների, թե՞ մեկ այլ բանի։

-Ես չգիտեմ թե ով է դա հայտարարում, բայց եթե նման բան էլ հայտարարում են, ապա չեմ կարծում թե անկեղծ են, որովհետև մյուս կողմից էլ հայտարարում են, որ որևէ կարիք չկա Ազգային Ժողովը ցրելու: Ինքնալուծարումը՝ հայտնի Գալուստ Սահակյանն ընդհանրապես որակեց որպես «հակապետական»: Իհարկե, շատերը կասեն, որ մարդը խնդիրներ ունի և չի կարելի նրա խոսքերին ծանրակշռություն հաղորդել, բայց ես համաձայն չեմ: Եթե մասնակցում է ՀՀԿ նիստերին, ուրեմն խոսելով նման բաներ՝ նաև գուցե չարտոնված, բայց այնուամենայնիվ, խոսնակի դեր է կատարում: Հանրապետականները հիանալի հասկանում են, որ ինչ-որ դավադրական ծրագրով ռևանշի հասնելու իրենց միակ շանսը խորհրդարնն այսօրվա տեսքով հնարավորինս երկար պահպանելն է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Բարգավաճի շանսերը քաղաքական լուրջ գործոն մնալու՝ մեծապես նվազած են և որ հաջորդ խորհրդարանում, եթե անգամ ներկայություն ապահովեն, ապա դա լինելու է ուղղակի փոքր փոքրամասնության տեսքով:

ՀՅԴ-ն ընդհանրապես կարող է պառլամենտ չանցնել: Ես չեմ կարծում թե բացի ելքից՝ որևէ մեկին ձեռնտու է այս պառլամենտի ցրումը: Բայց այն ինչ ձեռնտու է ելքին՝ ձեռնտու է նաև երկրին: Հայաստանի շահն այսօր խորհրդարանի շուտափույթ ցրում է պահանջում: Շուտափույթ և անվերապահ:

-Այս մասով ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

Դժվար է ասելը: Վստահ չեմ թե իշխանությունում այս առումով հստակ ծրագիր կա նախանշված: Շատ բարդ պրոցես է լինելու, որովհետև, որքան հասկանում եմ, գործադիրում ուզում են ամեն բան գերքաղաքակիրթ, գերօրինական տարբերակով անել, իսկ դա անարդյունավետ ուղի է և մի ճանապարհ, որ միայն բարդացնելու է հեղափոխության պահանջն ու ժողովրդի կամքի իրագործումը: Վարչապետն ունի և այսօր էլ պահպանում է երկրում հեղափոխությունն ավարտելու, հեղափոխական փոփոխություններ կատարելու անվերապահ մանդատը: Ճիշտն ասած՝ անհասկանալի է, թե ինչու պետք է հեղափոխությունը դրա երկրորդ՝ ամենակարևոր փուլից ոչ հեղափոխական հունում դիտարկել:

Հեղափոխություններն օրենքի անվերապահ պաշտամունքով չեն արվում: Դրանք գալիս են փոխելու հակաօրինական օրենքները, մերժելու դրանք, չհանդուրժելու դրանք և դրանց ստեղծողներին: Բացի այդ՝ վստահության նոր մանդատներ ստանալու կարիք վարչապետը չունի: Եղած մանդատը լիուլի բավարար է նրան: Վարչապետը պետք է իմանա, որ ինքն ունի հեղափոխական լիազորություններ՝ հակաժողովրդական քաղաքական ուժերի ողնաշարը կոտրելու, դրանց պետական թատերաբեմից դուրս շպրտելու համար և այդ ճանապարհին որևէ մտահոգության կարիք չպետք է ունենա: Ժողովուրդը հենց դրան է սպասում և հենց այդ նպատակով է սատարում երկրի նոր և առաջին ժողովրդավարական առաջնորդին:

-Ըստ Ձեզ ի՞նչ ժամկետներում կկազմակերպվեն ընտրությունները:

Որքան հասկանում եմ՝ իշխանության նոր պլանը հաջորդ տարվա ամառվանից տեղափոխվել է այս տարվա ձմեռ: Վարչապետը նոր է վերադարձել Երևան և կարծում եմ՝ առաջիկա օրերին կսկսի խոսել խորհրդարանական խմբավորումների հետ՝ ԱԺ-ն ցրելու վերաբերյալ: Չեմ կարծում թե, եթե հանձնվեն՝ հեշտ են հաշտվելու: Բայց կա սահմանադրության երկրորդ հոդվածը, որի վրա հենվելով շատ հանգիստ կարելի է հանրաքվե հրավիրել և ժողովրդի ուղղակի և ուղիղ ձայնով տուն ուղարկել պատմության ամոթալի էջերին արդեն իսկ պատկանող պատգամավորների մեծամասնությանը: Առաջիկա օրերին ջրերը կսկսեն պարզվել, բայց, իհարկե, այս խմորը դեռ շատ ջուր է տանելու:

Մի բան հաստատ է. որևէ պարագայում վարչապետը չպետք է հրաժարական տա: Որքան էլ որ խորհրդարանը երդվի, որ նոր վարչապետ չի ընտրելու՝ այդ հրաժարականը լինելու է հակահեղափոխական ուժերի միակ շանսը և դա մեծ ռիսկ է: Իմ համոզմունքն է, որ վարչապետը պետք է պաշտոնավարի և որպես լիիրավ վարչապետ լուծարի Ազգային ժողովը: Մնացած բոլոր՝ մինչ այս պահը քննարկվող տարբերակներն անընդունելի են լինելու:

Մերի Բալասանյան

Vesti.am