Foto

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղձեր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման և խորացման համար: Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:
Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության: Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»: