Foto

Ինչպե՞ս Հայաստանը կորցրեց դիրքերը…

Մինչ մենք խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջոցով աշխարհը շուռ տալու մասին, Հայաստանի տնտեսության ավանդական և կարևոր ոլորտներից մեկն ինքն է «շուռ գալիս», ընդ որում, կայուն ու շեշտակի, բայց աննկատ։ Խոսքը Հայաստանում ցեմենտի արտադրության մասին է: Մեր երկիրը, որտեղ ցեմենտի երեք մեծ գործարան կա, սկսել է այդ ապրանքը ներկրել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ ցեմենտի ներկրման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավական ավելացել են: Այս տարի ներկրվել է 25 հազար 998 տոննա ցեմենտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցեմենտի ներմուծումը կազմել է 6 հազար 856 տոննա: Հայաստանը ցեմենտ ներկրում է բոլոր հնարավոր երկրներից՝ Իրան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, անգամ Թուրքիա: Սա, թերևս, պատահական չէ. Հայաստանում արտադրությամբ զբաղվելն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ ինքնարժեքն այդ դեպքում բարձր է լինելու՝ առաջին հերթին էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների, նաև հարկային դաշտի պատճառներով: Ուստի շատերը գերադասում են այդ ապրանքն արտերկրից բերել:

Հայաստանում գործող ցեմենտի արտադրությամբ զբաղվող 2 ընկերությունները՝ «Միկա ցեմենտն» ու «Արարատցեմենտը» միասին, 2000-ականների կեսերին արտադրում էին տարեկան միջինը 550-600 հազար տոննա ցեմենտ։ Ցեմենտի արտադրության պիկը 2007 թվականն էր, երբ (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով) Հայաստանում արտադրվեց մոտ 722 հազար տոննա։ Դրանից հետո սկսվեց անկումը: 2008 թվականին ցեմենտի արտադրությունը նվազեց մինչև 624.6 հազար տոննա, իսկ 2009 թվականին՝ մինչև 467.3 հազար տոննա։ 2010-2015թթ. ընկած ժամանակահատվածում ցեմենտի արտադրությունը շարունակում էր նվազել, սակայն՝ ոչ կտրուկ, արտադրվում էր միջինը 425-430 հազար տոննա ցեմենտ։

Իսկ հիմա ուշադրություն դարձրեք 2016թ. ցուցանիշին. արտադրվել է 267.9 հազար տոննա։ 2015-ի համեմատ ցեմենտի արտադրությունը նվազել է մոտ 36%-ով։ Ընդ որում, նվազման միտումը պահպանվում է նաև այս տարի։ ԱՎԾ տվյալներով՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 62.7 հազար տոննա ցեմենտ, որը 20%-ով քիչ է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից։

Հայկական ցեմենտն արտահանվել է միայն մեկ երկիր՝ Վրաստան։ 2016-ին Վրաստանի ցեմենտի խոշորագույն մատակարարը դարձել է Թուրքիան (272.4 հազար տոննա), երկրորդ տեղում Ադրբեջանն է (184 հազար տոննա), մնացածը մանր մատակարարներ են։ Կարճ ասած, հայկական ցեմենտը վրացական շուկայում չի դիմացել թուրքական և ադրբեջանական ցեմենտի մրցակցությանը, ինչը չափազանց մտահոգիչ է։ Փոխարենը, որքան էլ զավեշտալի լինի, վերջին 10 տարիների ընթացքում մենք ինքներս ենք սկսել ավելի շատ ցեմենտ ներմուծել։ Եթե մինչև 2012թ. տարեկան ներմուծում էինք 1.3-1.5 հազար տոննա ցեմենտ, ապա 2013-ին Հայաստան է ներմուծվել 3.1 հազար տոննա, 2014-ին՝ 7.5 հազար տոննա,  2015-ին՝ 12.3 հազար տոննա, 2016-ին՝ 30.1 հազար տոննա ցեմենտ (հետաքրքրվողների համար նշենք, որ ցեմենտը ներմուծվում է հիմնականում Իրանից)։ Այնպես որ, մենք խոսում ենք ներմուծումը տեղական արտադրանքով ու արտահանմամբ փոխարինելու մասին, ցեմենտի ոլորտում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Եվ եթե ամեն ինչ նույն տեմպով շարունակվի՝ հաշվի առնելով նաև շինարարության ոլորտի անկումն ու ցեմենտի նկատմամբ ներքին պահանջարկի նվազումը, չի բացառվում, որ մոտ ապագայում չունենանք ցեմենտի արտադրություն և ինքներս վերածվենք ցեմենտ ներմուծող երկրի։

Լիանա Ավետյան