Foto

ՓՄՁ-ներն ամռանն արտադրած արևային էլեկտրաէներգիան կկարողանան օգտագործել ձմռանը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նոյեմբերի 9-ի նիստին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ, որով ՓՄՁ-ները կկարողանան նվազեցնել էլեկտրաէներգիայի վրա կատարվող ծախսերը։

«2016թ. օրենքի նախագծով ՓՄՁ-ներին և տնային տնտեսություններին թույլատրվել էր մինչև 150 Կվտ հզորության արևային կայաններ և սեփական արտադրության էներգիա ստանալ՝ դրանով իսկ նվազեցնելով էլեկտրաէներգիայի վրա կատարվող ծախսերը:

Ծրագրի արդյունավետության  մասին խոսում է այն փաստը, որ մեր երկրում անցած տարվա ընթացքում տեղադրվել է նմանատիպ 128 կայան, նրանց ընդհանուր թիվը հասցնելով 150-ի:  Հաշվի առելով մեկ տարվա փորձն այսօր փոփոխություններով առաջարկում ենք նորամուծություն մտցնել և  ՓՄՁ-ների թույլատրելի էներգիան 150 Կվտ-ից հասցնել  500 Կվտ, որը նրանց թույլ կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել»,- նշեց նախարարը, հավելելով, որ մյուս առաջարկը վերաբերում է ցանցերի հետ փոխհաշվարկները իրականացնել  տարեկան, ոչ թե ամսական կտրվածքով: Դա նրանց թույլ կտա ամռան ամիսներին արտադրված և չօգտագործված էներգիան ձմռանը կիրառել:

«Փոփոխությունների փաթեթը կբերի նրան, որ ՓՄՁ-ների մոտ կնվազեն էլէներգիայի վրա կատարած ծախսերը, ինչը կնպաստի ինքնարժեքի նվազեցմանը, որը կխթանի նրանց ձեռնարկատիրական գործունեությունը»,- եզրափակեց նախարարը:

Vesti.am