Զարգացման եվրասիական բանկը ԵԱՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր ստեղծել՝ Եվրոպայում մինչ եվրոյի գործարկումը 1979-1998 թվականներին օգտագործվող ECU-ի նմանությամբ: Այդ մասին «Известия»-ին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:
«Կան մի շարք գործիքներ, որոնք մենք առաջարկում ենք քննարկման համար դրամային կարգավորիչներին, հիմնականում՝ երկարաժամկետ հեռանկարով: Օրինակ՝ գործարքային տարածաշրջանային դրամական միավոր՝ խոսքը միասնական արժույթի մասին չէ, այլ գործիքի, որը թեթևացնում է փոխադարձ հաշվարկները»,- ասել է Վինոկուրովը:
Տարածաշրջանային դրամական միավորը հարկավոր է նախևառաջ առևտրային հոսքերն սպասարկելու համար, դա կարող է լինել «Մետաքսե ճանապարհի հաշվարկային միավորը», հայտարարել է Եվգենի Վինոկուրովը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մոտ լրատվամիջոցի աղբյուրը պատմել է, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերը պատրաստ են դիտարկել այդ առաջարկը:
Vesti.am