«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք բնակիչների հարկադրել, ինչպես նաև նյութապես շահագրգռել են մասնակցել 2025 թվականի հուլիսի 4-ին Երևան քաղաքում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին»: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
«Հուլիսի 8-ին դատարանի որոշումների հիման վրա շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար:
Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):
Քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։
Տեղեկացնում ենք, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցներ նշված հավաքին մասնակցելուն անձանց հարկադրելու, ինչպես նաև՝ նյութապես շահագրգռելու դեպքերին առնչություն ունեցած բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։