Foto

«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն օրերս ավարտել է Կ. Ռայկինի բեմական արվեստի բարձրագույն դպրոցը: Սովորելուն զուգահեռ հասցրել  է ռուսական բեմում մի շարք գլխավոր հերոսների մարմնավորել, որոնցից վերջինում՝ «Անտիգոնե»-ում մարմնավորել է Կրեոն արքային: 

«Ներկայացումը մեր կուրսի դիպլոմային աշխատանքն էր, որը բեմադրել է ռեժիսոր Յակով Լոմկինը։ Այն ստեղծվել է Կ. Ռայկինի  բեմական արվեստի բարձրագույն դպրոցի ուսումնական գործընթացի շրջանակներում։ Բայց այն պարզապես ուսանողական ներկայացում  անվանել ՝ անարդար կլիներ։ Ներկայացման պոտենցյալը շատ ավելի մեծ է։ Մտքեր կան այն դուրս հանել բուհի շրջանակներից, իսկ նպատակը՝ այն Հայաստանի հանդիսատեսին նույնպես ներկայացնելն է։ Ներկայացումն արդիական է, կերպարներն էլ՝ խորը և հետաքրքիր»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Արզումանյանը: 

Բեմադրության հիմքում հույն դրամատուրգ Սոֆոկլեսի պիեսն է, որը հետագայում ադապտացվել է ֆրանսիացի սցենարիստ, դրամատուրգ Ժան Անույը։ Այն գրվել է 1942 թվականին՝ գերմանական օկուպացիայի տարիներին։

«Այս պիեսը պարունակում է և՛ ընբոստություն, և՛ մեծ փիլիսոփայություն։ Այն բերում է նաև հոգեբանական բախումներ ու դրամատուրգիական լարվածություն, որը հեղինակը փորձել է փոխանցել այդ բարդ ժամանակաշրջանում։ Սա գերժամանակակից նյութ է, որն իր արժեքը մինչ օրս չի կորցրել։ Ներկայացումը պահանջում է մեծ աշխատասիրություն, ընկալում և հսկայական ներքին դիմացկունություն։ Դա մի բարդ աշխատանք է, որտեղ դերասանը պետք է լինի մաքսիմալ կենտրոնացած»,- նշեց դերասանը:

Մկրտիչ Արզումանյանն ընդգծեց նաև օտար լեզվով աշխատելու դժվարությունը․

«Շատ բարդ է օտար լեզվով բեմ բարձրանալ, երբ հիմնականում ներկայանում ես մայրենիով։ Բայց ես երբեք չեմ վախենում բարդություններից։ Ընդհակառակը՝ ընդառաջ եմ գնում դժվարություններին ու փորձում եմ կոտրել այն ամենն, ինչը խանգարում է հասնել նպատակին։ Ամենօրյա երկարատև աշխատանքի շնորհիվ կարողացանք իրականացնել այս բարդ գործը։ Մոսկվայում արդեն ունեցել ենք մի շարք հաջողված ներկայացումներ, որոնք պրոֆեսիոնալ մասնագետների կողմից արժանացել են բարձր գնահատականի։ Դա իսկապես ոգևորող է»,- անկեղծացավ դերասանը:

Ներկայացման հաջողության կարևոր բաղադրիչներից մեկն, ըստ նրա, ռեժիսորական մոտեցումն էր․ «Շատ եմ կարևորում ռեժիսորի դերը։ Նա կարողացավ այս ամենից ստանալ շատ հետաքրքիր ներկայացում։ Բացի բեմադրող ռեժիսորից՝ Յակով Լոմկինից նրան օգնում էին իր հմուտ ընկերները՝ ռեժիսորներ Ալեքսանդր Սոկոլովը և Օլգա Սվոբոդինան, իսկ ամբողջ գործընթացին հետևում էին Սերգեյ Շենտալինսկին և Կոնստանտին Ռայկինը: Հանդիսատեսը ներկայացման առաջին վայրկյանից մինչև վերջ՝ լարված հետևում էր, ինչը մեծ հաղթանակ է մեզ համար»։

Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց՝ «Անտիգոնե»-ում մարմնավորած կերպարն առանձնահատուկ տեղ է գրավում իր դերասանական փորձում․ «Ես մարմնավորում եմ Կրեոն արքային, որը համաշխարհային դրամատուրգիայում համարվում է ամենաբարդ կերպարներից մեկը։ Մասնագետներն ասում են, որ ոչ բոլոր թատրոններն են համարձակվում բեմադրել այս պիեսը, որովհետև երկրորդ գործողության տեսարանը չափազանց երկար ու էմոցիոնալ է։ Ոչ բոլորն են պատրաստ այդ ամենը հաղթահարել։ Ինձ համար շատ հուզիչ ու կարևոր էր այս ճանապարհն անցնելը։ Սա կերպար էր, որը դարձավ իմ այցեքարտերից մեկը, որով իսկապես կարելի է հպարտանալ։ Հուսով եմ՝ դեռ շատ առիթներ կլինեն խաղալ նման խորը և հետաքրքիր կերպարներ»,- ամփոփեց Մկրտիչ Արզումանյանը:

Լուսանկարները՝ Ինգա Խաչատրյանի