Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական նոր օբյեկտ են հայտնաբերել Անտարկտիդայում։ Խոսքը Բերկսի հրվանդանում գտնվող օազիսի մասին է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի դաշնային հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս կենտրոնի հետազոտողները, Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների հետ համատեղ, նկարագրել են Արևմտյան Անտարկտիդայի Բերկսի հրվանդանում գտնվող օազիսը։ Այս տարածքում նախկինում չուսումնասիրված 18 լճերի համապարփակ հետազոտությունը ցույց է տվել, որ օազիսը կայուն, ամբողջական կազմավորում է Երկրի մակերևույթին։
Օազիսը պատված է լեռներով և հովիտներով, այնտեղ օդի միջին տարեկան ջերմաստիճանը մոտավորապես -12 աստիճան է ըստ Ցելսիուսի սանդղակի, իսկ սառույցից զերծ գոտին զբաղեցնում է շուրջ 2.2 քառակուսի կիլոմետր։ Օազիսի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են պինգվինները, փոկերը, անտարկտիկական մրրկահավերը և թռչունների մի քանի այլ տեսակներ։








