Foto

Բենզինի արտահանման սահմանափակման մասին ՌԴ որոշումը չի ազդի մեզ վրա․ Գևորգ Պապոյան

Բենզինի արտահանման սահմանափակման մասին Ռուսաստանի որոշումը, որը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից, Հայաստանի վրա չի ազդելու։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այդ սահմանափակումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանում։

«Քանի որ մեր երկիրը՝ որպես ԵԱՏՄ անդամ, ունի քվոտաներ, մենք նման խնդիրներ չենք ունենա»,- վստահեցրեց նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից մենք քիչ ենք ներմուծում բենզին․ վերջին ամիսներին մեր շուկայում ավելի շատ վաճառվում է եվրոպական, մասամբ՝ ադրբեջանական, իրական և նաև ռուսական ծագման բենզինը։

«Նույնիսկ այդ փոքր մասնաբաժնի դեպքում ռուսական բենզինի ներմուծման հարցում մենք խնդիր չունենք»,- վստահեցրեց Պապոյանը։

Նա չժխտեց, որ աշխարհում դիտարկվող դիզելային վառելիքի գների ընդհանուր բարձրացման ֆոնին Հայաստանում ևս որոշակի գնային տատանումներ են նկատվում, սակայն ընդգծեց, որ դրանք էական չեն։

«Համեմատության համար ասեմ, որ երկրներ կան, որտեղ 2-3 անգամ են գները բարձրացել, օրինակ՝ նույն Եվրոպայում։ Մեզ մոտ, ցավոք սրտի, ունենք կանխատեսում, որ գները նույնպես բարձրանալու են․ չի կարող, օրինակ, նավթի գինը երկու անգամ բարձրանալ և չազդել բենզինի գների վրա։ Եվ այս ամենի պատճառը Իրանի դեմ պատերազմն է»,- նշեց նա։

Պապոյանը տեղեկացրեց, որ դիզելային վառելիքի գների այս բարձրացումը մեղմելու համար իր ղեկավարած նախարարությունը գյուղատնտեսությունը սուբսիդավորելու ծրագիր է մտածում, որ գարնանային աշխատանքները լինեն մաքսիմալ հեշտ։