Foto

Բանակը մեր պետության անկախության միակշոշափելի և իրական երաշխավորն է. Genesis Armenia

Genesis Armenia-ն հայտարարություն է տարածել Բանակի օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայ ժողովուրդ, սպաներ, զինվորներ, վետերաններ:

Շնորհավորում ենք բոլորիս՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով:

Հունվարի 28-ը կարմիրով է նշված հայոց տոնացույցում, որովհետև այս օրը ՀՀ մարտական մկրտության օրն է, հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու կամքի արտահայտման օրը:

Մեր բանակն ստեղծվեց՝ պատմական արդարության և հայրենի հողի հանդեպ հայ ժողովրդի զավակների, ծնողների ու առաջնորդների բարոյական գիտակցման, պատասխանատվության զգացումի, նվիրումի և զոհողության շնորհիվ, հայկական շարունակականության և ապագայի գիտակցումով, և մենք պարտավոր ենք այն պահել մեր աչքի լույսի պես:

Անկախ կուսակցական ու քաղաքական գունավորումից, պետական իշխանության նկատմամբ մեր վերաբերմունքից, բանակը մեր պետականության անվտանգության գլխավոր երաշխավորն է, պետության ողնաշարը, հայկական գոյության իրավունքի, իրական անկախության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության խորհրդանիշը:

Բանակն իր մղած պատերազմների, կերտած հաղթանակների, սայթաքումների և պարտադրված պարտության արդյունքներն ընդունելու ծանրագույն իրողությամբ հանդերձ շարունակում է մնալ մեր պետության անկախության միակ շոշափելի և իրական երաշխավորը:

ՀՀ Զինված ուժերին մաղթում ենք շարունակական զարգացում, տեխնոլոգիական ու մարտական բարձր աստիճան պատրաստվածություն, կազմակերպվածություն, չսասանվող արժեքային նվիրում, իսկ զինծառայողներին՝ առողջություն, ծառայողական հաջողություններ և անվտանգ ծառայություն հանուն Հայաստանի և հայ ժողովրդի ազգային-պետական նպատակների իրականացման:

Կեցցե՛ հայկական բանակը:
Փա՛ռք հանուն հայի ու Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին»։