Foto

ԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով

Վերջին տարիների ամենաուժեղ ձնաբուքն արտակարգ իրավիճակ է առաջացրել ԱՄՆ-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Fox News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ձմեռային արհավիրքը մոլեգնում է ավելի քան 40 նահանգում․ առատ ձյունն ու սառցապատումը լուրջ վտանգներ է առաջացրել շուրջ 240 միլիոն մարդու համար։ Էլեկտրաէներգիայի վթարային անջատումներն ու ճանապարհներին գոյացող խցանումները կարող են մեծ վնասներ պատճառել։

Օդերևութաբանների գնահատմամբ՝ հատկապես սառույցի ազդեցությանը ենթարկված շրջաններում վնասը կարող է համադրելի լինել փոթորկների առաջացրած հետևանքներին։

Նշվում է, որ արդեն ավելի քան 10 նահանգների ղեկավարներ տագնապ են հնչեցրել՝ եղանակային պայմանների պատճառով հայտարարելով արտակարգ դրություն և մարդկանց կոչ անելով մնալ տանը։ Նյու Մեքսիկոյից մինչև Նոր Անգլիան ընդգրկող տարածքում գտնվող նահանգների մոտավորապես 140 միլիոն բնակիչներ ստացել են ուժգին ձնաբքի վտանգների մասին նախազգուշացումներ։

Ազգային օդերևութաբանական ծառայությունն ամենուրեք կանխատեսում է առատ ձյուն և աղետալի սառույցի շերտ, որը տարածվում է արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա։

ԱՄՆ-ի ողջ տարածքում չեղարկվել է օդանավերի ավելի քան 8400 չվերթ, որոնցից շուրջ 5 հազարն, ըստ FlightAware մասնագիտական կայքի, չի իրականացվելու հունվարի 25-ին։

Դաշնային կառավարությունը պատրաստության աստիճանի է բերել մոտ 30 որոնողական-փրկարարական խմբեր։ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) տվյալներով՝ իշխանությունները սննդի ավելի քան 7 միլիոն պաշար, 600 հազար տաք ծածկոցներ և էլեկտրականություն արտադրող 300 գեներատոր են տեղադրել փոթորկի ազդեցության ողջ գոտում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 23-ին սոցիալական ցանցերում տեղեկացրել էր, որ իր վարչակազմը համակարգում է գործողությունները նահանգային և տեղական իշխանությունների պաշտոնյաների հետ և լիովին պատրաստ է արձագանքման։