Foto

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։

Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար։

Մեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։
Սրբազան հայրը վերհիշելով տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ֊ի դեմ ուղղված հարվածները՝ վերահաստատեց, որ մեր եկեղեցին մշտապես հաղթահարել է բոլոր մարտահրավերները՝ էլ ավելի զորեղանալով։

Միքայել Սրբազանը պատմեց մի պատմություն նախորդ դարի կեսերին Ալբանիայում Էնվեր Խոջայի ղեկավարության օրոք ունեցող իրադարձություններից, երբ հալածվում էր եկեղեցին և հոգևորականությունը։

Հերթական անգամ, երբ հոգևորականներին տանում են գնդակահարության, նրանք խնդրում են խցում գտնվող մի միաբանի, որ չգա իրենց հետ, քանի որ իրեն չեն փնտրում։ Միաբանն ականատես է լինում, թե ինչպես է ժողովուրդը թքում և հայհոյում գնդակահարության տարվող իր եղբայրներին և մտածում, թե որքան սրիկաներ կան իր հայրենիքում։

Միքայել Սրբազանը հավատում է, որ հայ ժողովուրդը կանգնելու է իր եկեղեցու և հոգևորականության կողքին։

Նարեկ Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը, այժմ վերականգնողական փուլի մեջ է, ինչին կհաջորդի վիրահատությունը։ Տեղեկացա նաև, որ բողոքարկվել է նրա կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշումը։

Առողջություն ենք մաղթում Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։