Լիտվական կողմը կասեցրել է բեռնատարների մուտքը Բելառուսի հետ Մեդինինկայի սահմանային անցակետում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։
«Դա պայմանավորված է մաքսային տվյալների բազայի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Սահմանային կոմիտեն նշել է, որ ծանր բեռնատարների տեղաշարժը նախնական տվյալներով կվերսկսվի ոչ շուտ, քան ժամը 20:00-ն։
«Ուղևորատար տրանսպորտային միջոցների և ավտոբուսների մաքսային ձևակերպումները շարունակվում են սովորական ռեժիմով։ Մենք խորհուրդ ենք տալիս բեռնափոխադրողներին հաշվի առնել այս տեղեկատվությունը Լիտվա ուղևորություններ պլանավորելիս»,-հայտարարել է Բելառուսի սահմանային կոմիտեն։
Բելառուսական կողմից Բալթյան հանրապետություն թռչող օդապարիկների հետ կապված մի շարք միջադեպերից հետո Լիտվան 2025 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ մեկ ամսով կփակի Մեդինինկայի և Շալչինինկայի սահմանային անցակետերը՝ փակումը երկարաձգելու հնարավորությամբ։ Լիտվան երկու սահմանային անցակետերն էլ բացել էր անցյալ տարվա նոյեմբերի 20-ի գիշերը։









