Ուժեղ ձնաբքերն ու սառցե անձրևներն առնվազն 61 մարդու մահվան պատճառ են դարձել Աֆղանստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը (ANDMA):
«Վերջին երեք օրերին ուժեղ անձրևների և ձյան տեղումների հետևանքով երկրի տարբեր նահանգներում զոհվել է 61, տուժել՝ 110 մարդ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաև, որ բնական աղետի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է 458 տուն, ինչի հետևանքով տուժել է 360 ընտանիք: Միաժամանակ, ոչնչացել է 620 գլուխ անասուն։ Առավել շատ տուժել են թույլ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող լեռնային և գյուղական բնակավայրերը։ Երկրի գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական ճանապարհները փակ են, ենթակառուցվածքների վնասման պատճառով ընդհատվել է արտասահմանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Աֆղանստանի օդերևութաբանների կանխատեսմամբ՝ երկրի մի շարք շրջաններում առատ ձյան տեղումներն այս շաբաթ կարող են շարունակվել։









