Foto

Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է

Երեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։