Foto

Վենեսուելան 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի ԱՄՆ

Կարակասը և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել 2 միլիարդ դոլարի վենեսուելական նավթահումք ԱՄՆ արտահանելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։

«Ուրախ եմ հայտարարելու, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները բարձրորակ, պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթ կտրամադրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Նավթը կվաճառվի շուկայական գնով, և այդ գումարը կվերահսկվի իմ կողմից՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, երաշխավորելու, որ այն օգտագործվի ի բարօրություն Վենեսուելայի ժողովրդի և Միացյալ Նահանգների», - գրել է Թրամփը։

Իր հերթին Reuters գործակալությունն ընդգծում է, որ կողմերի միջև այս գործարքի շնորհիվ Չինաստանին նավթի մատակարարումները կվերաուղղորդվեն, իսկ Վենեսուելան կխուսափի արտադրության կրճատումից։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսն ԱՄՆ-ին և ամերիկյան մասնավոր ընկերություններին տրամադրի «լիակատար հասանելիություն» Վենեսուելայի նավթային արդյունաբերությանը։

Ամերիկյան շրջափակման պատճառով Կարակասը չէր կարողանում արտահանել իր միլիոնավոր բարել նավթը, որը բեռնված էր լցանավերում կամ գտնվում էր պահեստարաններում։

Թրամփի այս հայտարարությունից հետո նավթահումքի գինը 1,5%-ով նվազել է։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։