Foto

Ադրբեջանական «փափուկ ներխուժումը» Դաղստան

«Գեղարդ վերլուծական» կենտրոնը հոդված է հրապարակել․

Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական հետաքրքրություններն ավելի քան մեկդարյա պատմություն ունեն։ 1917 թվականին Այսրկովկասի կառավարության մուսուլմանական (թաթարական) խմբակցության ղեկավարները տարբեր մակարդակներում բազմիցս բարձրացրել են Հյուսիսային Կովկասի մուսուլմանական պետական կազմավորումներն Այսրկովկասին միացնելու հարցը: 1921 թվականի հունվարի 20-ին ստեղծվել է Դաղստանի ԻԽՍՀ-ը, որը Սամուր գետով անցնող վարչական սահմաններով առանձնացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից։

Դաղստանի հանդեպ մշտապես հետաքրքրություն են դրսևորել նաև Թուրքիան՝ հենվելով այստեղ սունի մուսուլման բնակչության գերակշռության վրա, և Իրանը, որը՝ որպես պարսկական տիրապետության իրավահաջորդ, 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով այդ տարածքը զիջել էր Ռուսաստանին։ Ադրբեջանը, օգտվելով Դաղստանի հետ անմիջական հարևանության փաստից, տեղի էթնիկական պատկերի առանձնահատկություններից, ինչպես նաև՝ ջրային պաշարների կառավարման ոլորտում ունեցած առավելության հանգամանքներից, կարողացել է էականորեն ներգրավվել դաղստանյան հասարակական, տնտեսական ու քաղաքական կյանքին։

Հաշվի առնելով Դաղստանի հանդեպ Թուրքիայի և Իրանի ուշադրությունը՝ կարող ենք ենթադրել, որ այստեղ ադրբեջանական ազդեցության տարածման հարցում Մոսկվան ցուցաբերում է առերևույթ համաձայնություն՝ ի հակակշիռ մյուսների և ի շահ իր ռազմավարական նպատակների։ Օգտվելով դրանից՝ Բաքուն Դաղստանի հարավային շրջանների հանդեպ տարածքային հավակնություններ է դրսևորում՝ օգտագործելով տեղի ադրբեջանական բնակչության առկայության հանգամանքը, խորհրդային տարիներին ազատ ելումուտի արդյունքում ձևավորված կապերը, ինչպես նաև՝ ֆինանսատնտեսական ու մշակութային գործիքակազմը։

Դաղստանում բնակվում է շուրջ 130 հազար ադրբեջանցի։ Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող և Բաքվի կողմից «ադրբեջանական» հայտարարվող Դերբենտ քաղաքում բնակչության գրեթե 1/3-րդը ադրբեջանցիներ են։ Այս թվերն իրականում հարաբերական են, քանի որ, ինչպես հայտնի է, Խորհրդային Դաղստանում բնակվող բոլոր թյուրքախոսները նույնականացվել են որպես ադրբեջանցիներ։

Տեղի էթնիկ մյուս խմբերի հանդեպ Դաղստանի ադրբեջանցիներն ունեն մի շարք առավելություններ ևս։ Նրանց դասավանդումն իրականացվում է ադրբեջանական դասագրքերով՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքում բնակվող լեզգինների, ավարների և մյուսների նկատմամբ Բաքուն վարում է ասիմիլացնող քաղաքականություն՝ զրկելով նրանց ցանկացած ինքնուրույնությունից։

Ըստ վկայությունների՝ դաղստանյան պետական գրասենյակներում հաճախ կարելի է տեսնել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարն ու Ադրբեջանի դրոշը։ Դաղստանի տարբեր բնակավայրերում ադրբեջանցի (կամ՝ այդպես նույնականացված) գործիչների արձանների տեղադրումը, նրանց անվամբ հաստատությունների հիմնումը, փողոցների անվանակոչումը, չնայած տեղաբնիկ ժողովուրդների դժգոհություններին, այլևս արտառոց երևույթներ չեն։

Սովորական բնույթ են կրում նաև Դաղստանի քաղաքական և վարչական մարմիններում ադրբեջանցիների կամ Ադրբեջանի հանդեպ ջերմ տրամադրվածություն ունեցողների նշանակումները։ Օգտվելով նրանց աջակցությունից՝ Բաքուն Դաղստանի բնակավայրերում հաճախ օգտագործում է տեղի բնակչության շրջանում պարբերաբար արտահայտվող ժողովրդական դժգոհությունները, սոցիալական դժվարությունները։ Դաղստանի ադրբեջանցիները հաճախ են հայտնվում միջէթնիկ ու միջկրոնական բախումների կիզակետում։

Ըստ Դաղստանում ապրող լեզգիների ներկայացուցիչների՝ ադրբեջանական ներդրումներն սպառնալիք են, քանի որ Դաղստանի հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, թե Բաքուն ավելի «առատաձեռն» է, քան՝ Մոսկվան։ Այս տպավորությունն առավել արտահայտիչ է դառնում ադրբեջանական պետական և մասնավոր հատվածների մեծարժեք ներդրումների համատեքստում։ Ոչ պատահաբար՝ հաճախ հենց դաղստանցի պաշտոնյաներն են Ադրբեջանը դիտարկում որպես ցանկալի ներդրող՝ գիտակցաբար կամ «փափուկ ներխուժման» ռիսկերի անտեսմամբ կամ Մոսկվայից ստացված կարգադրությանը դիմադրելու անկարողությամբ։ Ընդ որում՝ Ադրբեջանին Դաղստանում ներդրումներ կատարելու «հրավեր» հնչեցնում են նաև ոչ ադրբեջանցի պաշտոնյաները։ Բաքվի քաղաքականության արդյունքում է, որ Դաղստանի ներկայիս ղեկավար, ազգությամբ լեզգի Սերգեյ Մելիքովը հայտարարում, թե Դաղստանն «ադրբեջանցիների տունն է, և նրանք այստեղ բնիկ ժողովուրդ են»։

2012 թվականին Դաղստանի փոխվարչապետ Ռիզվան Քազիմագոմեդովը նշել էր, որ Հանրապետությունը հետաքրքրված է Ադրբեջանի հետ կապերի ընդլայնմամբ՝ տեղեկատվություն տրամադրելով նաև Դաղստանում տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։

Մեկ այլ ուշագրավ օրինակ է Դաղստանի ձեռներեցության և ներդրումների գործակալության ղեկավարի տեղակալ, ադրբեջանցի ձեռնարկատեր Զեյնուլա Գուրբանովի «խոստովանությունը»։ 2016 թվականին Բաքվում Դաղստանի օրերին նվիրված միջոցառման ժամանակ նա ընդգծել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը, բացի նավթային հատվածից, զարգացման անհրաժեշտություն ունեն այլ ոլորտներում ևս։ Նրա խոսքով՝ այդ գործում կարևոր է փոքր ու միջին բիզնեսի դերը, և «հիմա իդեալական ժամանակն է, որ ադրբեջանցի գործարարները Դաղստանում ձեռնարկություններ հիմնեն»։ Գուրբանովն առաջարկել է շեշտը դնել ջերմոցային տնտեսությունների կառուցման և բանջարաբոստանային մշակության վրա։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղորդում՝ իր պաշտոնի բերումով արտոնություններ ու բարենպաստ պայմաններ ապահովելու խոստմամբ։ Գուրբանովի հաստատմամբ՝ «ադրբեջանցի գործարարներն այստեղ հենարան կգտնեն, և ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի աջակցեմ Դաղստանում ներդրումներ կատարող ադրբեջանցի գործարարներին»։

Երկու կողմերում զբոսաշրջության զարգացման նպատակով առաջարկվել է սահմանել 72 ժամ սահմանափակմամբ առանց վիզայի մուտքի ռեժիմ։ Նույն հարցը քննարկվել է նաև 2020 թվականին, սակայն, կորոնավիրուսային համավարակի բռնկման հիմնավորմամբ, ադրբեջանական կողմը փակել է ցամաքային սահմանները (մինչ օրս)՝ արգելափակելով սահմանի տարբեր հատվածներում բնակվող ազգակից լեզգիների ու մյուսների միջև շփումները։

Փոխարենը՝ առավել ակտիվացել են մշակութային կապերը, ինչպես նաև՝ Ադրբեջանի և Դաղստանի պետական ու գործարար շրջանակների միջև տնտեսական ոլորտում փոխադարձ հետաքրքրությունների շուրջ ակտիվ քննարկումները։ 2020 թվականին ադրբեջանական արտադրական և առևտրային «Karvan-L» խոշոր ընկերությունը սկսել է մշակել Դերբենտ քաղաքի նոր միկրոշրջանի հայեցակարգը՝ «Մոր արցունք» մզկիթով։ Նախագծի իրականացման պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Իսկ 2025 թվականին կայացած հերթական հանդիպման ժամանակ Դաղստանի ղեկավարությունը շինարարական ոլորտի ադրբեջանցի ձեռնարկատերերին հրավիրել է 2026 թվականին այցելել Դաղստան և ուսումնասիրել տեղի արտադրական հնարավորությունները։

Քաղաքական որոշումների բերումով՝ Ադրբեջանը հռչակվել է Դաղստանի առևտրատնտեսական հիմնական գործընկերը։ Ադրբեջան-Դաղստան հարաբերությունների շրջանակում են առաջին հերթին արդյունաբերական (հատկապես՝ գյուղատնտեսական), լոգիստիկ («Հյուսիս-հարավ», էներգակիրներ) և մշակութային ուղղությունները։ Սամուր գետից մեծածավալ ջրառի և տեղացիներին ջրազրկելու Բաքվի միտումնավոր քաղաքականության հետևանքով, սակայն, դաղստանյան հարավային շրջանների հողատարածքների մեծ մասը չի մշակվում։ Փոխարենը՝ ադրբեջանցի ներդրողները գյուղատնտեսական ծրագրերի փաթեթավորմամբ աստիճանաբար «յուրացնում» են հարյուրավոր հեկտարներով հողամասեր։

2014 թվականին ադրբեջանական գյուղատնտեսական ոլորտի ընկերությունները դաղստանյան կողմի հետ պայմանագրեր են կնքել Դաղստանում ադրբեջանական ապրանքների վաճառքի, 240 հազար քմ մակերեսով պլաստիկե ջերմոցի, ձկնաբուծարանի, ձկան պահածոյացման գործարանի և ծխահարման կայանի կառուցման մասին։ Ադրբեջանական «ATA» հոլդինգը 1 միլիարդ ռուբլի (27 միլիոն դոլար) է հատկացրել Դերբենտում ենթակառուցվածքների վերանորոգման և մարզական նոր օբյեկտների կառուցման համար։ Ադրբեջանական «Karvan-L» ընկերությունը Դերբենտում 2020 թվականին սկսել է կառուցել 3 միլիոն դոլար արժողությամբ, «Ոսկե ձկնիկ» անվամբ ձկնաբուծական կենտրոնը։

Դաղստանի Ռուսական գյուղատնտեսական կենտրոնը և ադրբեջանական «ISFA» ընկերությունը 2024 թվականին այգեգործության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այն նախատեսում է ադրբեջանցի ներդրողների միջոցներով Դաղստանում պտղատու մեծ տնկարանի ստեղծում և 53 հեկտար ընդհանուր մակերեսով այգիների հիմնում: Նոր տնկարանն աճեցնելու է բալի, սալորի, նեկտարի, դեղձի և ձիթենու սածիլներ։ «ISFA»-ն նաև դաղստանյան «S.R.Plast» ընկերության հետ է համապատասխան համաձայնագիր ստորագրել՝ Դերբենտի շրջանում վերամշակման արտադրամասեր հիմնելու վերաբերյալ։

Մեկ այլ համաձայնագրի համաձայն՝ «ISFA»-ն պարտավորվել է առաջին փուլում 2025 թվականին Դաղստանի Դերբենտի շրջանում 100 հեկտարի վրա ձիթապտղի այգի հիմնել՝ օգտագործելով Եվլախի գյուղատնտեսական փորձնական պարկում աճեցված 165 հազար սածիլներ։ Ընկերությունը նաև պետք է անցկացնի այգու ոռոգման համակարգը։ Երկրորդ փուլում ընկերությունը կկառուցի ձիթապտղի յուղի վերամշակման գործարան՝ օրական 100 տոննա արտադրողականությամբ։

Դաղստանն Ադրբեջանի համար նաև հետաքրքիր է իր լոգիստիկ նշանակությամբ։ Այստեղ ստեղծվում են լոգիստիկ ենթակառուցվածքներ՝ ոչ միայն ռուսական և ադրբեջանական արտադրանքի, այլև՝ Իրանից և Թուրքիայից բեռների տարանցման համար։ 2024 թվականին Դերբենտ քաղաքում ստեղծվել է առաջին ադրբեջանադաղստանյան տրանսպորտային և գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնը՝ գյուղարտադրանքի պահպանման համար նախատեսված սառնարանային պահեստներով և փաթեթավորման համակարգով։ Դրա շնորհիվ տեղի գյուղացիները հնարավորություն են ստացել պահեստավորել արտադրանքն ու բերքը։

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի՝ Ադրբեջանով և Դաղստանով անցնող ճյուղը ներկայումս մշակվում է Բաքվի և Մախաչկալայի համատեղ ջանքերով: Տարանցիկ հզորությունների ընդլայնման նպատակով նախատեսվում է մինչև 2030 թվականն արդիականացնել Սամուրի երկաթուղային անցակետը: Ադրբեջանը բարելավում է նաև իր ճանապարհային ենթակառուցվածքները դեպի Ռուսաստանի սահման: Շահագործման է հանձնվել Բաքու-Ռուսաստանի սահման վճարովի մայրուղու 150 կիլոմետրանոց հատվածը: 2026 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել ռուս-ադրբեջանական սահմանի Յարագ-Կազմալյար անցակետի վերակառուցումը։ Այն կունենա երթևեկելի 10 գոտի։ Տագիրքենթ-Կազմալյար և Նովո-Ֆիլյա անցակետերի նախագծման և կառուցման պայմանագրերը նախատեսվում է ստորագրել մինչև 2025 թվականի ավարտը։ Ադրբեջանի ռազմավարական ծրագրերի համաձայն՝ այս տարածաշրջանը դիտարկվում է նաև որպես էներգակիրների արտահանման կարևոր ուղղություն։

Ադրբեջանը Դաղստան «ներթափանցելու» ուղղությամբ, փաստորեն, աշխատում է տարիներ շարունակ՝ այստեղ բացելով գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման գործարաններ, ձեռնարկություններ՝ այդ թվում արտոնյալ վարկերի տրամադրմամբ խրախուսելով իր ներդրողներին։ Տարբեր ոլորտներում նախաձեռնողական վարքագծի, «մտրակի և կարկանդակի» մեթոդով տեղի բնակչության վրա ազդեցություն բանեցնելու և խոշոր նախագծերի ֆինանսավորմամբ Բաքուն Դաղստանի հասարակության շրջանում «վստահելի գործընկերոջ» կարգավիճակին արժանանալու հավակնություն է ցուցաբերում։ Բացի այդ՝ Ադրբեջանում պարբերաբար առաջ են տանում այն կեղծ, հակագիտական թեզը, որի համաձայն, իբր Դերբենտը ադրբեջանական հնագույն քաղաք է։ Փաստացի, Բաքուն «փափուկ ուժի» միջոցով ցանկանում է ավելի ամրապնդել իր դիրքերը Դաղստանում՝ իր քաղաքական շահերի համար հարկ եղած դեպքում օգտագործելով նաև Դաղստանում ադրբեջանցի կոչվող էթնիկ հանրույթին։