Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները մարտահրավեր է նետում միջազգային իրավունքին և հեռանում է իր դաշնակիցներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մակրոնը նման հայտարարություն է արել իր ամենամյա արտաքին քաղաքական ուղերձի ընթացքում՝ անդրադառնալով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու վերաբերյալ հնչեցված սպառնալիքներին։
«Միացյալ Նահանգները կայացած տերություն է, որն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից և հրաժարվում է այն միջազգային կանոններից, որոնք ինքն էր առաջ մղում»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է գերակշռել Արևմտյան կիսագնդում՝ այսպես կոչված Մոնրոյի դոկտրինի շրջանակում։
Նա նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին առևտրի կանոնների և անվտանգության որոշ հիմնարար տարրերի խախտման մեջ։









