Foto

Նիկոլական «ուխտերթին» մասնակցած արցախցի գեներալը ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյա է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին երեկ մասնակցում էր նաև Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը, որը, ինչպես պարզվում է, այժմ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է:

Լրագրողը երեկ փորձեց հարց ուղղել Շաքարյանին, սակայն վերջինս զբաղված լինելու պատճառաբանությամբ չպատասխանեց։

24News-ը այսօր կապ հաստատեց գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ։ Նա սկզբում նշեց, որ աշխատանքի է և հետո կպատասխանի, ապա երկրորդ զանգին ի պատասխան ասաց. «Ես պատասխանեմ, հետո հարցերը կուղղեք։ Մենք ունենք Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ։ Ինչ վերաբերում է ինձ, ինձանից ակնկալվող հարցերը խնդրում եմ ուղղեք նրան»։

24News-ի ճշտող հարցին՝ այսինքն նա որպես ՊՆ ներկայացուցի՞չ էր ներկա երթին, որ այս դեպքում սլաքներն ուղղում է դեպի ՊՆ խոսնակ, Շաքարյանը հապշտապ նշեց. «Ներողություն եմ խնդրում, Մերի ջան, չեմ կարող պատասխանել։ Հարցերը ուղղեք մեր պարոն Թորոսյանին։ Վստահեցնում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները 100 տոկոսով կստանաք»։

24News-ը դիմեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին։ Հաշվի առնելով, որ քաղաքական հարցերին խոսնակը չի պատասխանելու՝ հետաքրքրվեցինք, թե Կարեն Շաքարյանն ի՞նչ կարգավիճակով է մասնակցել Փաշինյանի հրավիրած ուխտերթին, ինչին ի պատասխան ՊՆ խոսնակը նշեց. «Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը միջոցառմանը մասնակցել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ զինվորական համազգեստով, այլ որպես ՀՀ քաղաքացի, որն ունի իր իրավունքները, ազատությունները և կարող է դրանք իրացնել իր հայեցողությամբ»:

Նշենք, որ բաց աղբյուրներում, այդ թվում և ՊՆ կայքում չկա տեղեկատվություն, թե, որ թվականին է Շաքարյանը նշանակվել ՊՆ վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար: Չկա նաև այդ նշանակումը հաստատող որևէ որոշում կամ հրամանագիր:

Մերի Մանուկյան