Foto

Չինաստանը սահմանափակել է դեպի Ճապոնիա երկակի նշանակության ապրանքների արտահանումը

Չինաստանը հունվարի 6-ից էմբարգո է սահմանում դեպի Ճապոնիա երկակի նշանակության ապրանքների արտահանման վրա, եթե Տոկիոն նախատեսում է դրանք օգտագործել ռազմական նպատակներով։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։


«Արգելվում է երկակի նշանակության բոլոր ապրանքների արտահանումը ճապոնական ռազմական օգտագործողներին՝ ինչպես ռազմական, այնպես էլ վերջնական օգտագործողի ցանկացած այլ նպատակների համար, որոնք նպաստում են Ճապոնիայի ռազմական հզորության ամրապնդմանը», - ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանել են նախարարությունից, ցանկացած կազմակերպություն և մասնավոր անձ «կենթարկվի իրավական պատասխանատվության», եթե խախտի արգելքը՝ նպատակ ունենալով Ճապոնիային փոխանցել ՉԺՀ-ում արտադրված երկակի նշանակության ապրանքները։



Երկու երկրների հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին 2025 թվականի նոյեմբերին խորհրդարանում հայտարարել է, որ Թայվանի շուրջ հնարավոր ռազմական ճգնաժամը «էկզիստենցիալ սպառնալիք» կներկայացնի, ինչը կարող է ստիպել Տոկիոյին ռազմական ուժ կիրառել՝ համաձայն «կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի»։ Սա առաջացրել է Պեկինի խիստ դժգոհությունը, որը ճապոնացի վարչապետի խոսքերը որակել է որպես բացահայտ սպառնալիք և միջամտություն իր ներքին գործերին։

ՉԺՀ-ն Տակաիտիից պահանջում է հերքել իր հայտարարությունը։ Չինաստանը, մասնավորապես, տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ճապոնիայի դեմ, սահմանափակել է տարբեր մակարդակներում նրա հետ շփումները և իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ այդ երկիր այցելություններից։ Ըստ Պեկինի պաշտոնական դիրքորոշման, որը պաշտպանում են երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և հենց Ճապոնիան, Թայվանը ՉԺՀ անկապտելի մասն է և նրա տարածաշրջաններից մեկը։

news.am