Հունվարի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Լոռու մարզի համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։









