Foto

Ժամանակին լսել եմ Կճոյանի «Բենթլիի» մասին, սիրուhու և զավակի մասին չեմ լսել. կարգալույծ քահանա

Նա զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց իմ ժողովուրդը այսօր առանց հոգևոր առաջնորդի է մնացել: Ինձ համար նա Կաթողիկոս չէ: Այս մասին Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը՝ խոսելով Գարեգին Բ-ի մասին:


Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես էր Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ձեռք բերել Bentley՝ Տեր տարոնը պատասխանեց, որ ժամանակին լսել է այդ լուրը, գիտի, թե ով է նվիրել՝ նվիրել է իր սանիկը, գիտի նաև, թե ինչպես այդ Bentley-ն վերջում վաճառվեց:

Հարցին, թե արդյոք լսե՞լ է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գերաշնորհ Նավասարդ Տեր արքեպիսկոպոս Կճոյանի սիրուհի ու երեխա ունենալու մասին, պատասխանեց, որ չի լսել նման խոսակցություն:


«Շահապիվանի ժողովի ժամանակ՝ 444 թվականին, ընդունվել է, որ Կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն: Իմ անձնական կարծիքով՝ այստեղ վերանայելու խնդիր կա, նորից ժողով գումարելու ու այդ հարցը քննարկելու: Եթե այս պահին հայ եկեղեցու կանոնադրությամբ կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն, ուրեմն այդ օրենքը պիտի պահվի»,- նշել է նա:

Անդրադառնալով 10 եպիսկոպոսների մասին խոսակցություններին՝ կարգալույծ քահանա Տեր Տարոնը նշեց, որ որևէ մեկով չի զբաղվել ու խորացել, պարզապես ժամանակն իրեն ապացուցել է, թե ով ով է:

«Ես շատ մարդկանց մասին կարող եմ լսել, բայց մարդկանց դատելու սովորություն չունեմ: Նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձի մասին ես երբեք անձնական դժգոհություն չէի հայտնի, եթե նա չլիներ իմ ժողովրդի հոգևոր գլուխը»,- ասել է նա:

Խոսելով ներքին հարցերը ներքին ժողովների միջոցով լուծելու մասին՝ Տեր Տարոնը նշեց, որ այդպիսի փորձեր շատ են եղել. «Տարբեր ձևաչափերով փորձել ենք խոսել, ասել, ոչ մի բան չի փոխվել, եթե լավ արվեր ու ճիշտ՝ մենք չէինք դժգոհի, մեզ էլ դուր չի գալիս, որ քահանա ենք, բայց դժգոհում ենք մեզ հետ ծառայող մեկի մասին»,- եզրափակել է նա: