Որևէ երկիր չի կարող հավակնել միջազգային դատավորի դերին, բոլոր պետությունները պետք է պահպանեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս այն դիրքերից, որ բոլոր երկրները պետք է հարգեն այլ պետությունների ժողովուրդների կողմից ինքնուրույն ընտրված զարգացման ուղին, ինչպես նաև պահպանեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները։ Խոշոր պետությունները պետք է առաջատար դեր խաղան, ոչ մի երկիր չի կարող հանդես գալ որպես միջազգային ոստիկան և ոչ մի երկիր չի կարող հավակնել միջազգային դատավորի դերին», - ասել է Մաո Նինը։
Նա հավելել է, որ Չինաստանը կողմ է անվտանգության համընդհանուր, համալիր, համագործակցության վրա հիմնված և կայուն հայեցակարգին, հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, լրջորեն է վերաբերվում անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական մտահոգություններին և պնդում է պետությունների միջև տարաձայնությունների ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։
«Մենք պատրաստ ենք բոլոր երկրների հետ համատեղ պաշտպանել միջազգային իրավունքի հեղինակությունը, հակազդել «ջունգլիների օրենքին», դիմակայել ներքին գործերին միջամտությանը և համատեղ պաշտպանել խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում», — ընդգծել է դիվանագետը:









